ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, նշել է, որ բեռների տեղափոխման խոչընդոտները պետք է վերացվեն։ «Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարեւոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, դրանց թվում՝ մարդասիրական աջակցություն ապահովեն միջանցքից օգտվողների համար»,- շեշտել է Փրայսը` հավելելով, որ կենտրոնանալու են դիվանագիտության վրա, որպեսզի օգնեն ապահովելու այդ հնարավորությունը։
Շառլ Միշելը Փաշինյանին եւ Ալիեւին հանդիպման է հրավիրել
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության՝ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում հանդիպման է հրավիրել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում է Եվրամիության միջնորդությանն այս հարցում։ Փրայսը հավելել է, որ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ` սպասում են Երեւանի եւ Բաքվի պատասխանին։ «Սա հնարավորություն է, որից ցանկության դեպքում նրանք կարող են օգտվել եւ նստել, քննարկել այն առաջընթացը, որը մենք կարողացանք արձանագրել վերջին շաբաթների ընթացքում»,– ասել է Փրայսը:
Տոյվո Կլաարը Երեւանում է
Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 24-ին Երեւանում հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձեւաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ «Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով»,- թվիթերյան իր գրառման մեջ երեւանյան հանդիպումից առաջ նշել է Կլաարը։
Վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23-ին։ Նա հանդիպումներ եւ քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։