Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը զրուցակիցների հետ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:
Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթաքում Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման, ինչպես նաեւ արտասահմանյան գործընկերների հետ իր այլ զրույցների մասին: Զրուցակիները խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս առումով տարբեր մակարդակներով շփումները շարունակելու մասին։
«Քննարկվել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող հարցեր»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։