Ըստ Wall Street Journal պարբերականի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում անցկացված հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկուն կոչ են արել բանակցություններ սկսելու Մոսկվայի հետ: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը կցանկանար փետրվարի վերջին խաղաղ գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ի հարթակում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` որպես հնարավոր միջնորդի: Գուտերեշի գրասենյակում նշել են, որ նա պատրաստ է միջնորդությանը միայն բոլոր կողմերի, ներառյալ Ռուսաստանի համաձայնությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ Ուկրաինայի խաղաղ ծրագիր չկա, եւ այն ծրագիրը, որը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնության տարածքն ու դրա նոր տարածաշրջաններին առնչվող ներկայի իրողությունները, չի կարող խաղաղ լինել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է նաեւ, որ Չինաստանն այժմ պետք է օգնի Արեւմուտքին՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա, որ վերջինս չօգտագործի ո՛չ միջուկային, ո՛չ քիմիական զենք, ինչպես նաեւ դադարեցնի այդ ագրեսիան մինչեւ բանակցությունների սկիզբը։ Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման եւ Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման: