ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ում չեն կարծում, թե Իրանի ղեկավարությունը որոշել է վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։ «Մենք չենք համարում, թե Իրանի գերագույն առաջնորդը որոշում է ընդունել վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, որը հետաձգվել կամ դադարեցվել էր 2003-ին»,- ասել է Բեռնսը: Նա ընդգծել է, որ ամերիկացիները ոչ մի ապացույց չունեն, որ Թեհրանը վերսկսել է այդ նախագիծը։
Ամերիկյան կողմը պատրաստ է քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը. Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։
Աբդոլլահիանը նշել է, որ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից, որ Վաշինգտոնն առաջվա նման շահագրգռված է Թեհրանի հետ այն տարաձայնությունների կարգավորման հարցում, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը: Ըստ Աբդոլլահիանի՝ Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո Թեհրանին ուղերձ է փոխանցել, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Միջուկային գործարքի վերականգնումը հնարավոր է
«Ողջունել եւ ողջունում ենք դիվանագիտական երկխոսությունը, երբեք չենք խուսափել շփումներից եւ պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», — ընդգծել է Աբդոլլահիանը:
Բացի դրանից, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։ «Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», — ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։