35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ եւ հանցավոր անգործության հետեւանքով Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, նրանց թվում՝ երեխաներ, կանայք եւ ծերեր, հազարավորներն էլ բռնի տեղահանվեցին։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով եւ տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 27-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
1988-ի փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Խորհրդային բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների եւ կանխել հետագա ջարդերը։ Թեեւ միջազգային հանրությունը Սումգայիթի ոճրագործությունը դեռեւս չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց 1988-ին այն դատապարտել են Եվրոխորհրդարանը, 1989-ին՝ ԱՄՆ Սենատը եւ Արգենտինայի խորհրդարանը։