Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկա պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում 4 գործ կա։ Առաջին հայցը վերաբերում է 2020-ի պատերազմին հաջորդող երկու ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդ գործը ՀՀ-ի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայության եւ դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի չորրորդ հայցն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանի հաստատած 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով տղաներից մի քանիսի գործերի առնչությամբ դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ «Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որեւէ անելիք չունենք այս մասով. եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,– ասաց Կիրակոսյանը։ Նա հավելել է, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։