Հանրապետական սենատորները կոչ են անում Չինաստանի կառավարության դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ որպես ՔՈՎԻԴ-19-ի բռնկման պատճառ։
«Չինաստանի Կոմկուսը պետք է պատասխանատվության ենթարկվի, որ դա այլեւս չկրկնվի»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է սենատոր Թոմ Քոթոնը: «Ձախերը վերջին երկու տարում փորձել են գրաքննության ենթարկել ճշմարտությունը եւ պաշտպանել կոմունիստական Չինաստանը, սակայն փաստերն անվիճելի են… Ժամանակն է այս չար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու»,- Քոթոնի կոչին արձագանքել է սենատոր Ռիք Սքոթը: Սենատոր Ջոշ Հոուլին էլ թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ ինքը կրկին օրինագիծ կներկայացնի, որով կպահանջի լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ՔՈՎԻԴ-19-ի բռնկման մասին ԱՄՆ կառավարության հետախուզական զեկույցների վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սենատոր Դեն Սալիվանը NBC-ի եթերում հայտարարել է, որ Կոնգրեսում ՔՈՎԻԴ-19-ի ծագման վերաբերյալ պետք է լայն հանրային լսումներ անցկացվեն:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության փորձագետները, ուսումնասիրելով նոր հետախուզական տվյալները, հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի լաբորատորիայում արտահոսքի պատճառով: Հետաքննությունների դաշնային բյուրոն, օգտագործելով սեփական աղբյուրները, նման եզրահանգման էր եկել 2021-ին:
Այդուհանդերձ, ԱՄՆ իշխանական մարմիններում այս հարցում միասնական կարծիք չկա։ Չորս պետական գերատեսչություններ, դրանց թվում հետախուզության գծով հատուկ կազմված մասնագետների խումբն առաջվա պես հակված են վիրուսի բնական ծագման տեսությանը։ ՔՈՎԻԴ-19-ը որպես «չինական վիրուս» հռչակած ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս առաջ է քաշել կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը եւ պնդել, որ Չինաստանը պետք է փոխհատուցի կորոնավիրուսի պատճառով աշխարհին պատճառված վնասը։ Թրամփի հակառակորդները քննադատել են նման պնդումները։