Քրեական ենթամշակույթի ուսումնասիրության շրջանակում հարցազրույցներից մեկի ժամանակ, որն անցկացնում էի թաղամասում պատանի տարիներին հեղինակություն վայելող մի բանասացի հետ, անդրադարձանք միջանձնային ու միջխմբային վեճերի հանգուցալուծման տարբեր ձեւերին։
Բանասացը հիշեց, որ վեճերի պարզաբանման ամենից հաճախ կիրառվող մոդելը «ռազբիրատն» էր։ Երբ ես կիսվեցի իմ տպավորությամբ, թե ներկայում այն քիչ է հանդիպում անչափահասների վեճերում, 56-ամյա բանասացը չհամաձայնեց՝ ասելով, որ իր պատուհանը ուղիղ նայում է դպրոցի հարեւանությամբ գտնվող կաթսայատան հետնամասին, որտեղ հաճախ են հավաքվում ավագ դասարանների տղաներն ու «ռազբիրատ» անում։ Հետո անկեղծանալով ասաց, որ իր քրոջ տղան էլ է դրանց մեջ, որ նա սովորելու հավես բոլորովին չունի, որ թողնես՝ ամբողջ օրը «ռազբիրատ» կանի։
-Իսկ ի՞նչ թեմաներով են «ռազբիրատ» անում։ Քեզ հետ կիսվո՞ւմ է,- փորձեցի ճշտել։
-Չէ՛, ոչ մի բան չի ասում։ Բայց պարզ է՝ կա՛մ աղջկա հաշիվ պիտի լինի, կա՛մ մեկը մի բան է ասել կամ արել, որ դուրները չի էկել․․․ Ամեն փոքր բանից կարող են «ռազբիրատ» սկսել։ Պատճառ շատ դեպքերում չկա։ Ավելի շուտ առիթ են ման գալիս, որ կռիվ սկսվի, ու ինչ-որ մեկին ծեծեն։
-Բա էլ ինչի՞ են «ռազբիրատ» անում։ Թող միանգամից կռիվ սկսեն,- ասացի ես։
-Առանց հիմքի չեն կարող,- քմծիծաղով պատասխանեց նա։- Հիմք պիտի ունենան։ Այդպես է կարգը։
«Հիմք ունենալ» ասելով՝ բանասացս նկատի ուներ «սխալ հանելը»։ Կարգը պահանջում է, որ մեղադրող կամ պատասխան («ատվետ») պահանջող կողմը ներկայացնի իր փաստարկները եւ հասնի նրան, որ պատասխան տվողն իր «սխալն ընդունի»։ Եթե առանց պատասխան ստանալու մեղադրող կողմը ֆիզիկական ուժ կիրառի, կստացվի, որ «սխալ տեղից» է ուժ կիրառել։ Դրա հետեւանքն այն էր, որ պատասխան ստացող կողմը ինքը կարող էր դառնալ պատասխան տվող։
-«Ռազբիրատը» գողերն են հորինել, որ վեճ ունեցողները ֆիզիկականին զոռ չտան, վեճը ուժի զոռով չլուծեն։ Աստված մարդուն լեզու, բերան է տվել, որ իրար հետ խոսեն, իրար հասկանան,- եզրափակեց բանասացս։
Մոտավորապես նույն բանն էին ասում մյուս բանասացները՝ խոսելով, բացատրելով, որ խնդիր լուծելն ավելի մարդկային է, քան «մախերով» (ձեռքերով) լուծելը։
Բայց արդյո՞ք «ռազբիրատը» իսպառ բացառում է ուժի կամ բռնության կիրառումը։ Պատանի տարիներիս բազմաթիվ ռազբիրատների եմ մասնակցել, որոնք ավարտվել են բռնության կիրառմամբ։ Բացի այդ՝ իր զարմիկի արկածների մասին պատմող բանասացս նույնպես նկատում էր, որ նրա մասնակցությամբ «ռազբիրատներն» ավարտվում են ծեծկռտուքով։
Այն, որ «ռազբիրատը» գողական ավանդույթում է ծագել, տարակուսանքի առարկա չէ։ «Ռազբիրատ» բառը հենց ռուսալեզու գողական ենթամշակույթում օգտագործվող «разборка» բառի տեղայնացված տարբերակն է։ Ըստ քրեական ենթամշակույթին վերաբերող բառարանների՝ «ռազբորկան» գողական խոսվածքում հայտնվել է 1930-ականներին, բայց հատկապես լայն տարածում է ստացել 1961 թվականից հետո։
Այս երկու ժամանակահատվածները կարեւոր փուլեր են գողական ենթամշակույթի պատմության մեջ։ 1930-ականները համարվում են գողական ենթամշակույթի սկզբնավորման ժամանակաշրջանը։ Դրան հատկապես նպաստեցին 1926 թվականի ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքում կատարված խմբագրումները, ըստ որոնց՝ մի կողմից նվազագույն պատժաչափեր էին սահմանվում գողության համար, մյուս կողմից ավելացվում էին խուլիգանությամբ եւ բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների համար սահմանվող պատժաչափերը։
Իսկ 1960-ականների սկիզբը այն ժամանակարշրջանն է, երբ գողերի երկու խմբավորումների (գողական կոդեքսին հավատարիմների եւ անհավատարիմների») միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված արյունահեղ բախումներն ավարտվեցին հավատարիմների հաղթանակով, ինչը նշանակում էր հաղթանակ վեճերը ուղղակի բռնությամբ եւ բռունցքներով լուծելու կողմնակից անհավատարիմների (նույն՝ «սուչկաների» կամ «բեսպրեդելշիկների») նկատմամբ։ Այդպես հաստատվեց «ռազբորկայի» կամ «ռազբիրատի» մշակույթը։
Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Վեճի լուծումը «ռազբիրատի» միջոցով ամբողջովին չի բացառում բռնության կիրառումը։ Սխալը հաստատելու եւ այն գործած անձի կողմից ընդունելուն կարող են հետեւել երկու սցենարներ՝ կախված սխալի բնույթից։ Ամենաթեթեւ սխալի դեպքում ճիշտ կողմը ապտակում է սխալ կողմին, այնպես, որ վերջինս զգա «եղբայրական ձեռքը»։ Երկրորդ՝ ավելի ծանր սխալի դեպքում ճիշտ կողմը կարող է սխալ կողմի հետ վարվել այնպես, ինչպես ուզի՝ գումար պահանջել, սեռական բռնության ենթարկել, դաժանաբար ծեծել, ընդհուպ սպանել։
Այսինքն՝ մեծ հաշվով «ռազբիրատը» ոչ թե միտված է բռնություն կիրառելուց խուսափելուն, այլ պարզապես հետաձգում է դրա իրականացումը՝ բռնության համար որոշակի հիմնավորումներ ապահովելու նպատակով։
Շատ կարեւոր հանգամանք է, որ «ռազբիրատն» իրականացվում է ոչ թե առհասարակ որեւէ արարքի սխալականությունը պարզելու, այլ գողական հասկացությունների («պանյատների») համատեքստում այն նույնականացնելու նպատակով։ Սրանից հետեւում է, որ «ռազբիրատի» ժամանակ վեճը շահելու ավելի մեծ հնարավորություն ունի ոչ թե նա, ով արդարացի կամ իրավացի է, այլ նա, ով ավելի լավ է տիրապետում գողական «պանյատներին», նա, ով ճիշտ է վարվել ըստ գողական «պանյատների»։
Մեր դիտարկումները վկայում են, որ «ռազբիրատների» ժամանակ սովորաբար սխալ է դուրս գալիս հենց այդ «պանյատներին» անհաղորդ կողմը։ Ուշադրության արժանի մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ մի շարք դեպքերում ռազբիրատի կիրառումը ֆիզիկապես ավելի ուժեղ մրցակցին (որն ուղղակի կռվի մեջ մտնելու դեպքում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի) զրկում է այդ կարողությունից եւ տեղափոխում է մի դաշտ, որտեղ նա չի կարող ընդդիմանալ ֆիզիկապես ավելի թույլի բռնությանը։
«Ռազբիրատի» մեխանիզմի պարտադիր սկզբունքներից մեկը կողմերի ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ վերջնական որոշման կայացումը հեղինակություն ներկայացնող որեւէ անձի լիազորելն է։ Թաղային մակարդակում նման անձ կարող է լինել թաղ նայողը կամ թաղի «խառոշին», որը սովորաբար հրաշալի տիրապետում է գողական հասկացություններին եւ ունի ռազբիրատներին մասնակցելու հարուստ փորձառություն։
Ավելի բարձր մակարդակում «ռազբիրատի» վերջնալուծում («իտոգ») տվողները օրենքով գողերն են, գողին հավասար հեղինակությունները։ Սա «ռազբիրատի» ամենաուշագրավ պահերից է, որովհետեւ հեղինակությունը հնարավորություն ունի նման բազմաթիվ ռազբիրատներին «իտոգ» տալու շնորհիվ ավելացնելու իր սիմվոլիկ կապիտալը։ Դա կարեւոր հիմք է թաղ նայողի, ինչու չէ նաեւ՝ օրենքով գողի կարգավիճակի հավակնելու համար։
Այսպիսով, «ռազբիրատը»՝ որպես վեճի հանգուցալուծման եղանակ, միտված է ոչ թե բռնությունն ու ուժի կիրառումը մերժելուն, այլ այն հիմնավորելուն եւ լեգիտիմացնելուն։ Լեգիտիմացումն ապահովվում է ոչ թե ընդհանուր հումանիստական պատկերացումների, այլ գողական հասկացությունների հիման վրա, ինչը խրախուսում է վեճի մասնակիցների՝ այդ հասկացությունների մասին տեղեկացվածությունը եւ դրանց նվիրվածությունը։
Մյուս կողմից գողական ենթամշակույթի արժեքները կիսողների դիրքից «ռազբիրատները» միջոց են իրենց շրջապատում հեղինակությունն ավելացնելու եւ գողական կարիերայում ավելի բարձր կարգավիճակների հասնելու համար։ Լայն առումով «ռազբիրատը» թաղային միջավայրերում ապահովում էր հենց քրեական հեղինակությունների ու նրանց հիերարխիայում դիրք գրավողների իշխանության իրացումը մնացած բոլորի նկատմամբ։
Սա որոշակիորեն պահպանվում է նաեւ մեր օրերում, հատկապես տղամարդկանց տարբեր տարիքային խմբերում, ինչը լուրջ խոչընդոտ է միջանձնային եւ միջխմբային կոնֆլիկտներում հանգուցալուծման առավել կառուցողական եւ մարդասիրական մոդելներ ներգրավելու առումով։ Հետեւապես քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների իրական առաքելության եւ գործառույթների բացահայտումը կարեւոր նշանակություն ունի դրանք հաղթահարելու տեսանկյունից։
Նիկոլ Մարգարյան
Մշակութային մարդաբան