Երեւանում աշխատանքային այցով գտնվող Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բեռնարդը հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում տիրող իրավիճակով, որն իսկապես մտահոգիչ է։ «Կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրները, որպեսզի պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդիկ կարողանան ապահով եւ անվտանգ ապրել»,-ընդգծել է Բեռնարդը։
Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակը վստահեցրել է, որ Լյուքսեմբուրգն աջակցում է հայ ժողովրդին ու կողմ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Իսկ դրա լավագույն ապացույցը բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցն է եւ այն, որ իրենք աջակցում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
Փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեեւ ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։