Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ մինչեւ բոլոր պատժամիջոցների վերացումն ու իրանական միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձը Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չկա:
CNN-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ո՛չ Վիեննայում, ո՛չ էլ մեկ այլ տեղում Թեհրանը Վաշինգտոնի հետ ուղիղ կամ անուղղակի բանակցություններ չի վարելու:
«Բայդենի վարչակազմը գործնականում պիտի ցույց տա, որ ձգտում է շտկելու Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները»,- նշել է Հաթիբզադեն:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Բայդենի վարչակազմում ոմանք միջուկային համաձայնագրին հավատարիմ լինելու փոխարեն պնդում են հավատարիմ մնալ Իրանի դեմ պատժամիջոցների պահպանմանը:
Հաթիբզադեն շեշտել է, որ ոչ մի երկիր չի հրաժարվի իր անվտանգությունից, իսկ հրթիռներն օգտագործվում են երկրի պաշտպանության համար՝ պնդելով, որ ԱՄՆ-ը պիտի վերացնի Թրամփի օրոք ընդունված բոլոր պատժամիջոցները, որպեսզի կողմերը վերադառնան 2017-ի հունվարի դրությանը:
Իրանցի դիվանագետը, պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մեխանիզմների հարցին, շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ինքն է խախտել միջուկային համաձայնագիրը, թող ինքն էլ բարի լինի հարթել բոլոր տարաձայնությունները:
«Մենք ծայրահեղ վիճակում ենք հայտնվել. նախագահ Բայդենը քաղաքական որոշում պիտի ընդունի: Նա ուզում է Թրամփի պատժամիջոցների օգտին վտանգե՞լ միջուկային գործարքը, որ կնքվել էր իր փոխնախագահ լինելու ժամանակ, թե՞ հրաժարվել ձախողում տանող ճանապարհից»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մեզ համար Իրանում հեշտ չէ ԱՄՆ-ին վստահելը՝ նկատի ուենալով Իրանի ժողովրդի դեմ չորս տարի շարունակ ծավալած տնտեսական պատերազմը: Պատժամիջոցների վերացման պահից Իրանը կդադարեցնի պատասխան գործողություններն ու կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»,- եզրափակել է իրանցի դիվանագետը: