ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական եւ հումանիտար բեռների եւ քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը փորձում է դրան հասնել իրենց շփումներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ «Այդ փաստաթղթում նախատեսված չէ ինչ-որ անցակետերի ստեղծում, բայց տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել կասկածները, որոնք առկա են այն առնչությամբ, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի սահմանին:
Անդրադառնալով Ղարաբաղի արեւելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի միջեւ վնասի փոխհատուցմանն առնչվող դատավարությանը` Լավրովը նշել է, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարցն է: