ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հարավային Կովկասը հանգուցային տարածաշրջան է անվանել՝ հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները։
Ռուս դիվանագետը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արեւմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։ «Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք նման միտում տեսնում։ Հիմա արեւմտամետներն ավելի են ակտիվացել»,- հավելել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արեւմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է: «Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արեւմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է»,- ասել է Զախարովան: