ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից հայտնել են, որ մարտի 1-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչների եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։
Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման եւ գազի անխափան մատակարարման հարցերը։ Հանդիպման շրջանակում քննարկվել է Դրմբոնի եւ Կաշենի երկու հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը հուսադրող է անվանել։ «Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր անցկացվել նաեւ փետրվարի 24–ին։