Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ա1 պլյուս»-ին տված հարցազրույցում նշել է, որ մարտի 1-ի գործը բացահայտված չէ։ «Խնդրում եմ ասեք՝ ովքեր էին կազմակերպիչները, մասնակիցները, ովքեր էին իրականացնողները եւ ինչ պատիժ ստացան»,- շեշտել է Մանուկյանը։
Արամ Մանուկյանի համոզմամբ՝ մարտի 1-ի գործը միտումնավոր կոծկված է․ «Նայե՛ք այսօրվա պառլամենտի կազմը եւ կտեսնեք՝ ովքեր էին իրականացնողները եւ ինչու են այդտեղ։ Որտեղ պետք է լինեին այն մարդիկ, ովքեր մարտի 1 են իրականացրել»։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն ընդգծել է, որ ոճրագործությունն իրականացրել է պետական համակարգը։ «Ով չգիտի, թե մարտի 1-ի հեղինակն ով է, ով չգիտի՝ ովքեր են կրակել, ովքեր են կեղծել։ Դրանք փաստաթղթավորված են գրքերով, ֆիլմերով, հազարավոր ցուցմունքներով ու վկաներով»,- շեշտել է Արամ Մանուկյանը։
Իշխանությունը միայն ականջահաճո հայտարարություններ է արել. Արման Մուսինյան
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր հերթին «Ա1 պլյուս»-ին ասել է, որ իշխանության համար մարտի 1-ը հասարակության աչքերին թոզ փչելու թեմա էր։ Ըստ Մուսինյանի՝ քաղաքական առումով գործը բացահայտված է, բայց իրավական առումով բացայհայտված չէ: «Իշխանությունները ոչ միայն ռեալ քայլ չարեցին, այլ կրկնապատիկ, եռապատիկ բարդացրեցին մարտի 1-ի գործը իրենց շիլաշփոթ մոտեցմամբ, որ որդեգրեցին 2018 թվականին»,-շեշտել է Արման Մուսինյանը։
Մուսինյանը կարծում է, որ իշխանությունը միայն կատարել է ականջահաճո հայտարարություններ եւ ոչ ավելին․ «Այս իշխանություններց հույս չկա, որ մարտի 1-ը բացահայտվի»։