Ամերիկյան Տեխաս նահանգում գործող Sustainable Solutions ընկերությունը հայտարարել է, որ երկու նախագիծ է մշակում Ուկրաինային հեղուկացված գազի մատակարարման վերաբերյալ։ «eurointegration.com.ua» ուկրաինական պարբերականի հետ զրույցում այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Էմիլ Պենյան։ Վերջինս նշել է, որ Sustainable Solutions-ն արդեն կնքել է հեղուկացված գազի ընդունման համար նախատեսված լողացող տերմինալի վարձակալության համաձայնագիր։ Տերմինալը նախատեսվում է տեղակայել Էստոնիայի մերձափնյա հատվածում։
«Մենք երկու լցանավ ունենք, որոնք սպասարկելու են այդ տերմինալը։ Պատրաստ ենք այս նախագիծը գործարկելու արդեն այս տարվա հոկտեմբերին։ Ընդ որում՝ գազը պատրաստ է գնելու Էստոնիան, մասամբ նաեւ՝ Լատվիան։ Սակայն մեծ մասը մենք պատրաստ ենք առաջարկելու Ուկրաինային»,- ասել է Պենյան։ Ուկրաինական մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ արդեն հաջորդ շաբաթ ուկրաինական «Нафтогаз» ղեկավարությունը այցելելու է Հյուսթոն՝ այս առնչությամբ բանակցությունները վարելու համար։
Երկրորդ նախագիծն, ըստ Պենյայի, կարող է գործարկվել ավելի շուտ՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Ըստ դրա արդեն առաջարկվում է հեղուկացված գազի մատակարարումներ հատուկ բեռնափոխադրող ավտոմեքենաների միջոցով, որոնք կունենան հեղուկացված բնական գազի ռեգազիֆիկացիայի հարմարանքներ։ Sustainable Solutions-ի ղեկավարը նկատել է, որ նման փոխադրումները բավական տարածված են Միացյալ Նահանգներում։ Եվրոպայում, սակայն, որքան հայտնի է, նման ծառայություններ մատուցում է միայն մեկ ընկերություն։
«Ներկայում պատրաստ ենք վարձակալելու նման 10 մեքենա, սակայն ապագայում այդ մեքենաների թիվը կարող է ավելանալ։ Առաջիկայում էլ նման մեքենաների վարման ուսուցման համար վարորդների պատրաստության դասընթաց կկազմակերպվի Լեհաստանում։ Պենյան ընդգծել է, որ իրենք մտադիր են առաջիկայում նման մատակարարման համար ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ԵՄ-ում եւ Ուկրաինայում։ «Իհարկե դա գազին առնչվող Ուկրաինայի բոլոր խնդիրները չի լուծի։ Սակայն թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները՝ բարձրացնելով Ուկրաինայի էներգետիկ անվտանգության մակարդակը»,- ամփոփել է Էմիլ Պենյան։