Պատմությունը կրկնվում է։ Կրկին Թուրքիան ու Ռուսաստանը մեր տարածաշրջանի քարտեզն ըստ իրենց համաձայնությունների ձեւելու համատեղ քայլեր են մշակում-ձեռնարկում։
1920-ի ավարտին նույն պատկերն էր։ Հայաստանը, իր հնարավորություններն ու ցանկությունները համադրել չկարողանալով, եղածը պահելու խնդիրը լուծելու, հարեւանների, առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն մեծ Հայաստանի երազանքով տարված չէր նկատել, որ Օսմանյան կայսրության փլատակների տակից դուրս սողացող Թուրքիան ոտքի է կանգնում ու ամրանում է, չէր նկատել, որ Ռուսաստանում ավարտվում է քաղաքացիական պատերազմը, եւ կայսրությունը կորցրածը հետ բերելու գործն է սկսում։ Ավելին՝ չէր տեսնում Թուրքիա-Ռուսաստան ձեւավորվող դաշինքը, որն Արեւմուտքին տարածաշրջանից հեռացնելու եւ տարածաշրջանը բաժանելու խնդիր ուներ։ Արդյունքում պատերազմ ստացանք ու 1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրեցինք Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը։ Նույն շրջանում Հայաստան մտան նաեւ ռուսական զորքերը։
Ճիշտ այդպես էլ 2000-ականների ողջ ընթացքում Հայաստանը չէր նկատում իր շուրջն ընթացող զարգացումները։ Չէր նկատում, որ 1990-ականներին իր հետ հավասար հնարավորություններ ունեցող Ադրբեջանը ոտքի է կանգնում, հարստանում ու զինվում է։ Չէր տեսնում, որ դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական ծրագրերից, որ շրջանցում են իրեն կարեւորագույն մայրուղիներն ու խողովակաշարերը։ Չէր ընդունում հակառակորդի հետ փոխզիջումներով վեճը լուծելու հորդորները։ Արդյունքում պատերազմ ստացանք ու 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրեցինք ստորացուցիչ եռակողմ համաձայնագիրը։
2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը եւ 1920-ի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը նույն մտածողության ու նույն սխալների արդյունք են։
1920-ի զարգացումների հետեւանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը, խորհրդայնացվեց ու որպես տարածքային միավոր հայտնվեց ռուսական կայսրության կազմում, որը 70 տարի Խորհրդային Միություն էր կոչվելու։
Պատմության համար 70 տարին մեծ ժամանակահատված չէ։ Մենք (եւ ոչ միայն մենք) ռուսական կայսրության հերթական թուլացումից հետո կարողացանք վերականգնել մեր անկախությունը, կայանալ, հասնել մինչեւ 2020-ի աշուն ու կրկին կանգնել ճակատագրական վտանգի առջեւ։
Երկրորդ անգամ պետականությունը կորցնելու իրավունք մենք չունենք։ Սա դուրս է կասկածից։ Այսօր արվող ու արվելիք մեր բոլոր քայլերը պետք է միայն պետականության պահպանմանն ու ամրապնդմանը լինեն միտված։ Ամեն ինչ պետք է անենք, որ պատմության նոր շրջափուլում նորովի հանդես գանք։ Ինքներս մեզ պարտության չտանենք, ինքներս մեզ փորձանքի չտանենք։ Եթե անգամ լինեն փորձանքներ, ու լինի պարտություն, ապա՝ ոչ մեր մեղքով։ Որ կարողանանք ասել-գրել-պնդել՝ նենգ էր թշնամին՝ հարձակվեց անսպասելի։ Որ ստիպված չլինենք ասել-գրել-փաստել՝ կարճատես էինք մենք, իրողությունները չհասկացանք, անհնարինի հետեւից վազեցինք ու կորցրինք եղածը։
Ուկրաինական պատերազմի պատճառով այսօր ծայրահեղ սրվել են աշխարհի հզորների հրաբերությունները։ Փոքր ու թույլ Հայաստանը պետք է գտնի իր տեղն այս զարգացումներում։ Բարդ է, իհարկե, բայց պարտավոր ենք։
Չպետք է կողմերից մեկի ձեռքի կույր գործիքը դառնանք։ Պետք է լինենք հետեւողական ու, որ շատ կարեւոր է, մեր միջավայրի, մեր հեռու ու մոտ հարեւանների, գործընկերների ու հակառակորդների համար պետք է լինենք հասկանալի։ Բոլորին պետք է լինի տեսանելի, որ ոչ թե կողմերից մեկի շահերն ենք սպասարկում, ոչ թե սրա կամ նրա շահերի դեմ ենք աշխատում, այլ մեր խնդիրներով ենք տարված։
Չընկնենք մոլորության գիրկը, թե կողմերից մեկի համար կարող ենք անփոխարինելի դաշնակից լինել կամ կարող ենք լինել դերակատար։ Անհրաժեշտության դեպքում մեզ հեշտորեն կարող են փոխել կամ զոհել։ Այդպես արդեն եղել է։ Իսկ դերակատար լինել ընթացող զարգացումներում ընդհանրապես չենք կարող։ Բայց ճիշտ կողմնորոշվելու, հաշվարկված քայլեր կատարելու դեպքում կարող ենք եթե ոչ շահած, ապա չկորցրած դուրս գալ։ Արդեն կորցրել ենք, շատ ենք կորցրել։ Ավելին կորցնելու իրավունք չունենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։