ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում՝ մտադրվելով կրճատել մանկապարտեզների տնօրենների կառավարման ժամկետներն ու խստացնել այդ պաշտոնում նրանց նշանակման պայմանները։
Օրինագծով մանկավարժների համար պարտադիր վերապատրաստման ժամկետ է սահմանվում 5 տարին։ Իսկ տնօրենների համար առաջարկվում է հանել հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը: Օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վերլուծության` համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների շուրջ 65%-ը պաշտոնավարում է անորոշ ժամկետով պայմանագրերի հիման վրա, ինչը չի բխում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից եւ անհավասար պայմաններ է ստեղծում դաշտում։
Ինչ վերաբերում է մանկապարտեզների արտոնագրման պարտադիր պահանջին, դրա համար նախագծով սահմանվում է արտոնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետ` մինչեւ 2023-ի դեկտեմբերի 10-ը: Օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում։