2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքները 2023-ի հունվարի եւ փետրվարի համար 1 անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով պետությունից ֆինանսական աջակցություն կստանան։
Այդ նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվել է լրացուցիչ 6,6 միլիոն դրամ։ Նախարարության տվյալներով` միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն կտրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաեւ գերեվարված) անձանց ընտանիքներին։ Նախորդ ծրագրով հաստատված ժամկետն ավարտվել էր 2022-ի դեկտեմբերին։ 2023-ի հունվարի եւ փետրվարի համար ֆինանսական հատկացում նախատեսված չէր։
Մինչ օրս վերադարձվել է 173 գերի, 422 զոհված հայ զինծառայողների դիեր. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին գերիների, պատանդների եւ անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն էր տարածել: Ըստ տեղեկությունների՝ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք): Նրանցից 225-ը զոհվել են 2022-ին սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: 2022-ին սեպտեմբերյան դեպքերի հետեւանքով զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
Բացի դրանից՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խոր թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա եւ 1 ժամկետային զինծառայող: Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող եւ քաղաքացիական անձ: