Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար հատկացվել է 1 միլիարդ 100 միլիոն դրամ: Մնացած գումարը հետագայում լրացնելու է Երեւանի քաղաքապետարանը, որն արդեն 545 միլիոն դրամ վճարել է։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Նախնական հաշվարկներով Աջափնյակի 1,5 կմ-անոց կայարանի շինարարությունը կտեւի 2 տարի: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաեւ մետրոկամուրջ:
80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն է արվել: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շենք է կառուցվել: Կայարանը 120-140 մետր տեղափոխվել է դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ՝ «Թումո»-ի մայթին, ինչի շնորհիվ շինարարության արժեքը նախատեսվածից մոտ 15%-ով ցածր է լինելու, իսկ շինարարության ժամկետը մոտ 6 ամսով կրճատվելու է:
Կայարանի կառուցումը հիմնավորվում է նաեւ Աջափնյակը քաղաքի կենտրոնի հետ կապող ուղիների սակավությամբ, Կիեւյան եւ Դավթաշենի կամուրջները քաղաքային տրանսպորտից զգալի բեռնաթափելու հնարավորությամբ: Ըստ կանխատեսումների՝ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղեւորափոխադրումների քանակը աճելու է 22%-ով: