ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում G20 ԱԳ ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հարցով բանակցությունների լուրջ առաջարկներից։ «Ինչ վերաբերում է ճգնաժամի լուծմանն աջակցելուն, մենք բազմիցս հրապարակավ ասել ենք, որ երբեք չենք հրաժարվում լուրջ առաջարկներից, որոնք արվում են քաղաքական լուծում գտնելու անկեղծ ձգտումով»,- ասել է Լավրովը:
Նա նաեւ նշել է, որ չի հիշում՝ արեւմտյան գործընկերներից որեւէ մեկը, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ բանակցությունների կոչ անեն Ուկրաինային։ «Հավանաբար դրանում անթաքույց ճշմարտություն կա, քանի որ Ուկրաինային պարզապես տրամադրում են, որ պատերազմը պետք է շարունակվի»,- հայտարարել է Լավրովը
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ երկխոսության համար՝ առանց նախապայմանների։ Նա նշել էր, որ Մոսկվան դրան պատրաստ էր նաեւ նախկինում, բայց Կիեւն իր արեւմտյան համակարգողների հրամանով ընդհատեց երկխոսությունը, որն ընդհանուր առմամբ առաջ էր գնում։