Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նախօրեին անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության 15-ամյակի կապակցությամբ Երեւանի Զաքյան, Բեյրութի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցներով շրջապատված Մանկական այգում բացված «աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ-հուշարձանին», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։
«Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1-ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե՞ մարտի 1-ն ինքն է ինչ-որ մեկի վրա հարձակվել։ Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ մի բան պարզ լիներ»,- տարակուսանք է հայտնել Զուրաբյանը։
Լղոզված «հուշարձանը» մարտիմեկյան ոճրագործներին լեգիտիմացրած Փաշինյանի քաղաքականության հերթական դրսեւորումն է
Զուրաբյանը շեշտել է, որ նման ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումն ընդամենը մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը տապալած, ավելին՝ վերջիններիս լեգիտիմացրած եւ որպես խորհրդարանական ընդդիմություն դարձրած Փաշինյանի քաղաքականության հերթական դրսեւորումն է։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երբ Հայ ազգային կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, նկատի ուներ, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը եւ խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլեւս երբեք թույլ չտալու համար։ «Դրա համար պետք էր կերտել մի քանդակ, որը, օրինակ, բարելյեֆի տեսքով կպատկերեր կատարվածը եւ կուղեկցվեր հուշարձանի իմաստը բացող գրությամբ»,- ընդգծել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրության փոխարեն կարող էր լինել հետեւյալը․
«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՀԱՅՈՑ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱԿ ԲԱՑԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ, ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵՑԻՆ 10 ՀՈԳԻ։ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։