Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անկայուն եւ ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Շոլցը կարեւորել է նաեւ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման:
Գերմանիան, ըստ կանցլերի, աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան դա արել է՝ նաեւ Եվրամիության քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում` այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան: Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ է համարել Փաշինյանի եւ Ալիեւի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Բեռլինը կարեւորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:
Շոլցն անդրադարձել է նաեւ դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ «Մենք ինքնորոշման իրավունքի, նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն ենք»,- վերահաստատել է Գերմանիայի կանցլերը եւ կարեւորել տարածաշրջանում անվտանգության բարելավումը։
Շոլցը հայտնել է, որ Բեռլինում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Կանցլերը նշել է, որ Գերմանիան իր հնարավորությունների շրջանակում ցանկանում է օգնել Հայաստանին: Շոլցը կարեւոր է համարել Հայաստանի հետ նախորդ տարի զարգացման ոլորտում Գերմանիայի սկսած համագործակցությունը: