Վերնագրում հղված դարձվածքը ոմանց կարող է ծանոթ լինել թաղային ու տղայական վեճերից, ուրիշներին՝ համացանցային եւ սոցցանցային գրառումներից։ Դարձվածքի օգտագործմանը, ինչպես այլ հայտնի դարձվածքների դեպքում, սովորաբար չի հաջորդում որեւէ պարզաբանում կամ հիմնավորում։ Դարձվածքն ինքն է օգտագործվում որպես հիմնավորում։ Սակայն, ուշադրություն դարձնելով օգտագործման առիթներին, կարելի է փաստել, որ դրա օգնությամբ կասկածի տակ է առնվում աղջկա կամ կնոջ խոսքի արժանահավատությունը։ Եվ ոչ միայն առօրյա խոսքում։ Օրինակ` ՀՀԿ նախկին կին պատգամավորներից մեկը, մեկ այլ կնոջ հաղորդման առիթով, դիմելով ոստիկանապետ Օսիպյանին ու ԱԱԾ պետ Վանեցյանին, ասում է թե․ «էդ կնոջ ասածները եւ ինքը չեն կարող ասնավանի լինել», եւ հորդորում է «դուխով» աշխատել։
Կա տարածված կարծիք, որ դարձվածքը փոխառնված է գողական ենթամշակույթից։ Սա շատ հավանական է թվում, նամանավանդ, որ գողական խոսվածքին բնորոշ է ռուսերեն բառերի օգտագործումը, ինչպես, օրինակ՝ «ատչյոտ տալ», «աբիժնիկ մնալ» եւ այլն։ Բացի այդ «Ասնավանի չէ» արտահայտությունը բավականին լայն կիրառություն ունի գողական խոսվածքում, եւ ուշագրավ է, որ այն օգտագործվում է ոչ միայն աղջկա կամ կնոջ խոսքի, այլեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կամ այսպես կոչված «գործ տվողների» խոսքերի առիթով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս որոշակի վտանգ են ներկայացնում գողական համայնքի ներկայացուցիչների համար` կարելի՞ է արդյոք պնդել, որ կինը եւս համարվում է վտանգավոր։ Մյուս կողմից՝ արդյո՞ք այդ դեպքում նույնպես գործ ունենք կնոջ խոսքի արժանահավատ լինելը կասկածի տակ դնելու փաստի հետ։ Իրողությունն այն է, որ կանայք նույն ձեւով չեն մերժվում գողական միջավայրի կողմից, ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ գործ տվողները։
Ավելին` գողական ենթամշակույթի պատմությունը հարուստ է կին հեղինակությունների մասին լեգենդներով եւ կանանց մասնակցությամբ իրականացված գողությունների դրվագներով։ Սակայն ենթամշակույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ամենով հանդերձ որեւէ կին հեղինակություն երբեւէ չի մասնակցել գողական վերնախավի որոշումներ կայացնող հավաքներին, այսպես կոչված «սխոդկաներին»։ Գողական կանոններով դա արգելված է։ Սխոդկաներին մասնակցել կարող են միայն «օրենքով գողի» համարում ունեցող տղամարդիկ։
Ի դեպ, ըստ քրեական աշխարհին վերաբերող զրույցների, գողական ենթամշակույթի պատմության միակ օրենքով գող կինը՝ Ագլայան (Ագլայա Դեմիդովան, որին կոչում տալու մեջ ջանք էր ունեցել նրա սիրեցյալը՝ հայտնի գող Ջիգանը), նույնպես զրկված է եղել գողական սխոդկաների մասնակցելու իրավունքից։
Մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալով գողական աշխարհում հեղինակություն դարձած կանանց կենսագրությանը` պարզվում է, որ նրանք հաճախ նույնիսկ զրկված են եղել սեփական ֆավորիտ ընտրելու իրավունքից։ Նրանց մեծ մասը եղել է այն օրենքով գողերի սիրուհիները կամ կանայք, որոնց որ հարմար է համարել գողական սխոդկան։ Եթե որեւէ օրենքով գող մահանում էր կամ զրկվում գողի կոչումից, գողական սխոդկան կարող էր որոշել, թե նրա սիրուհին հաջորդ անգամ որ օրենքով գողի սիրուհին պիտի լիներ։
Վերոհիշյալ պրակտիկան ինչ-որ իմաստով հիշեցնում է անցած դարի սկզբներին գերդաստանային ընտանիքներում երբեմն հանդիպող տեգրամուսնության (լեւիրատ) սովորույթը, երբ ամուսնու մահից հետո այրին ամուսնանում էր ամուսնու եղբայրներից մեկի հետ, նույնիսկ եթե վերջինս ուներ սեփական կին եւ ընտանիք։
Ավանդական ընտանիքում տոհմի ավագ տղամարդիկ էին որոշում թե դուստրն ում հետ պիտի ամուսնանա, որ տուն պիտի հարս գնա։ Աղջկա կամ կնոջ ցանկությունը հաշվի չէր առնվում։ Կան ժողովրդական բանաձեւումներ, թե ինչու չպետք է կնոջ ցանկությունը հաշվի առնել։ Օրինակ, դրանցից մեկի համաձայն, «Աղջկան իր կամքին թողնես, կա’մ չաղլճուն կառնի, կա’մ չոբանին»։ Այսինքն, ենթադրվում է, որ աղջկա որոշումները կարող են անլուրջ ու անհեռատես լինել։ Հետեւապես անհրաժեշտ է բացառել նրա ընտրության հնարավորությունը, արգելափակել ցանկության եւ կամքի դրսեւորումները։ Իսկ թե ինչու աղջիկը կամ կինը չի կարող լուրջ ընտրություն անել, բացատրվում է մեկ այլ ժողովրդական առածում՝ «կնոջ մազը երկար, խելքը կարճ»։
Անհրաժեշտ է նկատել, որ քննության առարկա դարձվածքը վերաբերում է ոչ թե կնոջ խոսքի անարժանահավատությանը, այլ նրա խոսքի եւ դրանում ամփոփված ցանկության ու կամքի՝ որեւէ արժեք չներկայացնելուն, որը չէր կարող հաշվի առնվե կամ որի հետ չպիտի հաշվի նստեին։ Ինչպես ավանդական ընտանիքում, այնպես էլ գողական ենթամշակույթում կնոջ ցանկություններին եւ կամքին լուրջ չէին վերաբերվում, եթե իհարկե դա չէր ներկայացվում օրենքով գողի անունից կամ չէր արժանանում օրենքով գողերի հավանությանը։ Ցանկացած պարագայում որոշման իրավունքը օրենքով գող տղամարդկանցն էր, որովհետեւ միայն նրանց որոշումը արժեք ուներ եւ նրանց վերջին խոսքն էր օժտված օրենքի ուժով։
Հատկանշական է, որ 1950-ականների վերջերից Հայաստանում մեծ ու միջին քաղաքների թաղային ու բակային միջավայրերում կնոջ խոսքի կարեւորությունը մերժող ավանդական ազգային մոտեցումերը, որոնք զգալիորեն թուլացել էին խորհրդային իշխանությունների վարած ֆեմինիստական քաղաքականության եւ արդյունաբերական զարգացման գործընթացների արդյունքում, կրկին վերակենդանացան եւ վերադարձան առօրյա փոխհարաբերւթյուններ՝ գողական ընկալումների տարածման միջոցով։
Ակնհայտ է, որ սրան նպաստող գործոններից մեկը կնոջ խոսքի վերաբերյալ վերը նշված ավանդականի ու գողականի նմանություններն էին։ Սակայն ավանդականի վերակենդանացումը կամ այլ կերպ ասած՝ վերաներդրումը գողական խոսվածքի տրամաբանությամբ ծառայում էր թաղային ու բակային միջավայրում հեղինակությունների նոր հիերարխիաների ձեւավորմանը, որոնցում որպես կարեւոր համարվում էր ոչ այնքան թաղամասի ավանդական դերերի հիերարխիայում դիրք ունեցող, այլեւ գողական աշխարհում հարգանք վայելող տղամարդու խոսքը։
Ուշագրավ է, որ նաեւ այս վերաներդրման շնորհիվ գողական հեղինակությունները դարձան նաեւ թաղային հեղինակություններ ու ձեռք բերեցին թաղային կյանքը վերահսկելի պահելու հատուկ դիրք։ Իսկ կանանց խոսքի կարեւորության մերժումը նրանց թույլ էր տալիս իրենց ազդեցության դաշտում գտնվող տղամարդկանց միջոցով կանանց վարքագիծը նույնպես պահել վերահսկողության տակ, ինչը որ լուրջ խոչընդոտ է հասարակական կյանքում քաղաքացիական արժեքների ու վարքագծային պրակտիկաների տարածման գործում։
Այսօր, սակայն, նկատելի է քննարկվող դարձվածքի ու դրանով պայմանավորված վարքագծային պրակտիկաների աստիճանական դուրսմղման միտում, ինչը շատերի կարծիքով պայմանավորված է հատկապես երիտասարդ տարիքի կանանց տնտեսական եւ հանրային դերակատարության մեծացմամբ։
Նիկոլ Մարգարյան
Մշակութային մարդաբան