ՀՀ-ում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինն իր տեսաուղերձում հայտարարել է, որ Հայաստանն արժանի է ապրելու խաղաղ ու անվտանգ պայմաններում եւ հետամուտ լինելու իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։ «Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել, արդեն առիթ եմ ունեցել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից անձամբ լսելու իրենց խնդիրների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տեւական լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է դեսպանը։
Տեսանյութում դեսպանն անդրադարձել է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության թեմային։ «Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, եւ ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու համար մեր կապերը եւ օգնելու, որ Հայաստանը պայծառ ու բարեկեցիկ ապագա կերտի»,- ընդգծել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Քրիստինա Քվինը նաեւ իր հիացմունքն է արտահայտել հայ ժողովրդի տոկունության վերաբերյալ եւ ցանկություն հայտնել ամբողջովին բացահայտել Հայաստանն ու ճանաչել հայ մարդուն։