ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում շարունակել աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին: «Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է Բոնոն։
Ըստ նրա՝ Վաշինգտոնի համար կարեւոր է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը շփման եզրեր գտնեն՝ անկախ միջնորդական ձեւաչափից։ «Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ցանկանում»,- ընդգծել է նա։
Բոնոն հավելել է, որ մարտի 7-ին մեկնելու է Հայաստան։ «Իմ այցի նպատակը կողմերի երկխոսությունն ու նոր հանդիպումը խրախուսելն է»,- եզրափակել է պետքարտուղարի ավագ խորհրդականը։