Եվրամիությունը եւ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգություն են հայտնել Ստեփանակերտի մոտ մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ։
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն ափսոսանք է հայտնել Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ: «ԵՄ-ն ցավում է մարտի 5-ին ղարաբաղյան շփման գծում առնվազն հինգ զոհի հանգեցրած բռնության համար։ Այս մահացու դեպքի առնչությամբ հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։ Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերելու՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալ խաղաղ գործընթացին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինայի, իր հերթին մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ։ «Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջը լուծելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կոլոմինան։