1991 թվականի սեպտեմբերի 21-ին եւ հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան համապետական երկու ընտրություններ՝ Անկախության հանրաքվեն եւ նախագահի ընտրության առաջին քվեարկությունը: Հայաստանի քաղաքացիները բացարձակ մեծամասնությամբ կողմ արտահայտվեցին անկախ, ազատ եւ ինքնիշխան պետության ստեղծմանը, իսկ շաբաթներ անց նախագահ ընտրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Հանրաքվեի հարցաթերթիկի վրա գրված էր. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեին մասնակցել է ավելի քան 2 միլիոն ընտրող, որոնցից կողմ էր արտահայտվել 2 միլիոն 42 հազար 627-ը կամ 95.5 տոկոսը, դեմ՝ միայն 10 հազարը:
Հայաստանի պատմության ընթացքում որեւէ ընտրության այդքան քվեարկող չի մասնակցել, եւ երբեք ավելի քան 99 տոկոսը կողմ չի արտահայտվել որեւէ գաղափարի կամ թեկնածուի եւ կուսակցության: Պետք է հիշել, որ հանրաքվեից մեկ ամիս առաջ Մոսկվայում տեղի էր ունեցել հայտնի «պուտչը»՝ հեղաշրջման ձախողված փորձը, եւ անգամ անուղղելի հակաանկախականները համոզվել էին, որ Խորհրդային Միությունը մահվան ճիրաններում է, իսկ անկախությանն այլընտրանք ուղղակի չկա:
Չլիներ օգոստոսյան խռովությունը, Հայաստանի բնակչության մի ստվար հատված դեմ կքվեարկեր եւ «ոչ» կասեր անկախությանը, ինչպես քարոզվում էր նախքան հանրաքվեն: Հայաստանում անկախության հռչակմանը տվյալ ժամանակահատվածում դեմ էին կոմունիստական նոմենկլատուրան, ռուսախոս ինտելիգենցիան եւ սփյուռքյան ավանդական կազմակերպությունները: ՀՅԴ-ն իր պաշտոնաթերթ «Դրօշակ»-ում պիտի հանդես գար «Դեմ ըլլալով կողմ եմ» անկախության հանրաքեին խմբագրականով:
1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, քվեարկությամբ հաստատեց հանրաքվեի արդյունքները, եւ Հայաստանը դարձավ անկախ պետություն ԽՍՀՄ կազմից դուրս, թեեւ Խորհրդային Միությունը իր հոգեվարքը շարունակեց մինչեւ 1991-ի դեկտեմբերի 25-ը, երբ կործանվող կայսրության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, իսկ նույն ժամին Կրեմլից իջեցվեց խորհրդային դրոշը՝ փոխարինվելով ռուսական եռագույնով:
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական առաջին ընտրությունները: Առաջին ընտրություններում առաջին եւ վերջին անգամ քվեարկվում էր նաեւ փոխնախագահի պաշտոնը: Հաղթողի հիմնական թեկնածուն խորհրդարանի նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Օգոստոսի 27-ին կայացած ՀՀՇ արտահերթ համագումարում 614 պատվիրակներից 613-ը կողմ արտահայտվեցին նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը: Միակ դեմը «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամներից Սմբատ Հակոբյանն էր: Նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանին առաջադրել էր նաեւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էր Գագիկ Հարությունյանը, որը նախկին կոմունիստ էր եւ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում էր 1990-ի օգոստոսից ի վեր: Հետագայում նա պետք է դառնար վարչապետի պաշտոնակատար, ապա երկար տարիներ՝ Սահմանադրական դատարանի անփոփոխ նախագահ:
Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավ չիրականացրեց: Հոկտեմբերի 16-ի ընտրություններում նա ստացավ քվեների ավելի քան 83 տոկոսը կամ 1.260.433 ձայն: Հայաստանի համապետական որեւէ ընտրություններում որեւէ թեկնածու կամ կուսակցություն այդքան բարձր քվե երբևէ չի ստացել:
1996-ի նախագահական աղմակահարույց ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը 1991-ի մասին պիտի ասեր. «Ուզում եմ հավատացնել, որ այս ընտրություններում շահած շուրջ 52 տոկոսը ես ավելի թանկ եմ գնահատում, քան նախորդ ընտրությունների 83 տոկոսը, որովհետեւ 1991 թվականին ես հաղթել եմ ազգային-ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա, իսկ այս անգամ՝ հասուն ժողովրդավարական հասարակության կամքի արտահայտության շնորհիվ»:
Ընտրություններում երկրորդը Պարույր Հայրիկյանն էր՝ քվեների շուրջ 7 տոկոսով: Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱԻՄ-ը: Փոխնախագահի պաշտոնում Հայրիկյանի հետ առաջադրվել էր Հայոց քրիստոնեա-ժողովրդավարական միության ներկայացուցիչ Ազատ Արշակյանը: Երկուսն էլ խորհրդային տարիների այլախոհներ էին, որ երիտասարդ տարիների մեծագույն մասը անցկացրել էին բանտերում եւ աքսորավայրերում։
Այդ ընտրությունների միակ աղմկահարույց միջադեպը տեղի ունեցավ Տավուշի Պառավաքար գյուղում, երբ նախընտրական շրջանում Հայրիկյանը իր համախոհների խմբի հետ հարձակման ենթարկվեց։ Ընտրություններից հետո Հայրիկյանը եւ ԱԻՄ-ականները սեւ դրոշներով երթ կազմակերպեցին՝ այս կերպ ընդունելով ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։
ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը ստացավ քվեների 4.3 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր Վահան Հովհաննիսյանը:
Զորի Բալայանը, որ առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ, ստացավ քվեների 0.45 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էր ԵՊՀ դոցենտ Հարություն Մարզպանյանը:
Քաղաքացիական նախաձեռնությամբ էր առաջադրվել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի ամենաավագ անդամ Ռաֆայել Ղազարյանը, որի հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էր Սուրեն Զոլյանը: Ղազարյանը ստացավ քվեների 0.39 տոկոսը:
Ընտրություններում վերջին տեղը զբաղեցրեց ՀՀԿ-ի առաջնորդ եւ թեկնածու Աշոտ Նավասարդյանը՝ ստանալով քվեների 0.16 տոկոսը: Փոխնախագահի համար Նավասարդյանի հետ պայքարում էր ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը:
Ուշագրավ փաստ. երբ ՀՀԿ-ն եկավ իշխանության, իր պաշտոնական կայքում՝ Պատմություն բաժնում, չէր հիշատակել, որ կուսակցությունը իր առաջնորդով որպես թեկնածու մասնակցել է նորանկախ Հայաստանի նախագահական անդրանիկ ընտրություններին:
1991-ի հոկտեմբերի 16-ի ընտրությունների նախագահի եւ փոխնախագահի 12 թեկնածուներից 4-ը կյանքից հեռացել են: Աշոտ Նավասարդյանը մահացել է 1997-ի նոյեմբերի 3-ին 47 տարեկանում, Ռաֆայել Ղազարյանը՝ 2007-ի նոյեմբերի 3-ին 83 տարեկանում, Սոս Սարգսյանը՝ 2013-ի սեպտեմբերի 26-ին 83 տարեկանում, Վահան Հովհաննիսյանը՝ 2014-ի դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։