ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ Լոռու եւ Սյունիքի մարզերում անտառների վերականգնմանն ուղղված ծրագիր են իրագործում։
Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը։
«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման եւ գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մանրամասներն օրեր առաջ մարզպետարանում ներկայացրել է ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանը։
«Անտառապատման եւ անտառվերականգնման այս ծրագիրը նպատակաուղղված է կլիմայի փոփոխությունների հետեւանքները մեղմելուն, անտառօգտագործման տեսանկյունից անտառների նկատմամբ հնարավոր ռիսկերը նվազեցնելուն եւ անտառային պաշարների ավելի լավ կառավարմանը»,- ասել է Կյուրինյանը։
Ծրագրի տեւողությունն ութ տարի է։ Այդ ընթացքում Լոռու եւ Սյունիքի մարզերում նախատեսվում է իրականացնել անտառապատում եւ անտառվերականգնում պետական անտառային ֆոնդի 4700 հեկտար եւ համայնքապատկան 1000 հեկտար հողատարածքներում, ինչպես նաեւ կոճղաշիվային աշխատանքների կազմակերպում 1600 հեկտար դեգրադացված անտառներում։
Անտառամերձ բնակավայրերի 9000 խոցելի տնային տնտեսություններ աջակցություն կստանան առկա ցածր արդյունավետություն ունեցող փայտի վառարաններն ավելի արդյունավետ վառարաններով փոխարինելու միջոցով։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության, «Կանաչ կլիմայի հիմնադրամի», Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի եւ «Բնության համաշխարհային հիմնադրամի» կողմից։
Իսկ Լոռու եւ Սյունիքի մարզերն ընտրվել են ըստ անտառների տեսակների, բնակչության խտության եւ աղքատության մակարդակի, ինչպես նաեւ ըստ կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության մակարդակի։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։