Միացյալ Նահանգները եւ Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ: ԱՄՆ պաշտոնատար անձինք մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը եւ հաստատել են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության բնագավառում բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ «Այդ կապակցությամբ պաշտոնատար անձինք պարտավորվել են խստացնել միջոցառումների համակարգումն Իրանի՝ միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու եւ տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները հետագայում զսպելու ուղղությամբ»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի եւ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի մասնակցությամբ մարտի 6-ին Վաշինգտոնում անցկացվել է ամերիկա-իսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի նիստը: Նիստում քննարկվել է ԱՄՆ զինված ուժերի եւ Իսրայելի պաշտպանության բանակի՝ վերջերս անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության եւ քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը:
Ջեյք Սալիվանն ընդգծել է ԱՄՆ նախագահ Բայդենի անդրդվելի հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, ինչն արտահայտված է ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական գործընկերության վերաբերյալ 2022-ի հուլիսին ստորագրված Երուսաղեմի համատեղ հռչակագրում: