Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը կիրակի Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի համար մեղադրել է Իսրայելին:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իսրայելցի քաղաքական գործիչներն ու զինվորականները բացահայտորեն պնդում են, որ Իրանին թույլ չեն տա առաջ գնալ եւ հասնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը:
«Նրանք այսօր համարում են, որ հասել են իրենց նպատակին»,- շեշտել է Զարիֆը՝ հավելելով, որ ի պատասխան Իսրայելի քայլերի՝ Իրանն էլ ավելի մեծ առաջընթաց կգրանցի միջուկային ոլորտում:
Զարիֆը նշել է, որ Իրանի քաղաքական վերնախավն ու ժողովուրդը պիտի զգոն լինեն՝ Իսրայելի լարած թակարդը չընկնելու համար:
Պայթյունը՝ միջուկային առաջընթացի վկայություն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին իր հերթին ուրանի հարստացման կենտրոնում կիրակի տեղի ունեցածը համարել է միջուկային ոլորտում Իրանի առաջընթացը չկամեցողների եւ բանակցությունների հակառակորդների պարտությունը:
Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Սալեհին ասել է, որ Իրանն իրեն է վերապահում պատահարի մեղավորների դեմ պատասխան գործողությունները:
«Իրանը դատապարտում է այդ նողկալի քայլը եւ միջազգային հանրությանն ու ՄԱԳԱՏԷ-ին հիշեցնում է միջուկային ահաբեկչության նման դրսեւորումների դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին»,- ընդգծել է նա:
Նահանջ 10 ամսով կամ տեղյա՞կ էր արդյոք ԱՄՆ-ը
Ավելի վաղ երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հաղորդել էր ուրանի հարստացման կենտրոնի էլեկտրաբաշխիչ ցանցում տեղի ունեցած վթարի մասին: Նրա տվյալներով՝ վթարը չի հանգեցրել մթնոլորտի աղտոտմանը եւ մարդկանց չի վնասել:
The New York Times պարբերականը եւս նշել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտի վթարը տեղի է ունեցել իսրայելական կողմի կազմակերպած դիտավորյալ պայթյունի հետեւանքով:
Տեղի ունեցած հուժկու պայթյունից լիովին ավերվել է ուրանի հարստացման ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքն ապահովող ներքին էներգահամակարգը, որի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 ամիս:
Ըստ պարբերականի՝ դեռ հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իրազեկված է եղել իսրայելական կողմի ծրագրի մասին:
Իրանի տեսակետը
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Թել Ավիվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպմանն ասել է, որ Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ իրանական համաձայնագրով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը կանխելու եւ հրեական պետության պաշտպանությունն ապահովելու համար:
Լլոյդ Օսթինն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության առումով, եւ հավելել, որ Վաշինգտոնը կշարունակի ջանքերը Մերձավոր Արեւելքում Իսրայելի որակյալ գերազանցությունն ապահովելու ուղղությամբ:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը