Ըստ ամերիկյան NBC գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մարտի 17-ին կլքի իր պաշտոնը։ Փրայսը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ենթակայության ներքո քաղաքական պաշտոն կստանա։ Փրայսի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կզբաղեցնի մամուլի խոսնակի պաշտոնը:
«Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ եւ ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,- ասված է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ Բլինքենն ընդգծել է, որ Փրայսը վերականգնել է պետքարտուղարության մամուլի ամենօրյա ճեպազրույցների պրակտիկան՝ լրագրողներին հնարավորություն տալով պարբերաբար առաջ քաշել ամենասուր հարցերը։
Փրայսը Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի հունվարի 20-ից։ Այս ընթացքում նա անցկացրել է ավելի քան 200 ճեպազրույց։