Ըստ Ժնեւում ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում Եվրամիության պատվիրակության հայտարարության՝ Եվրամիությունը դեռեւս մտահոգված է այն առնչությամբ, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող խոչընդոտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, ներառյալ առողջության, կրթության եւ պարենի իրավունքների վրա:
«Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին եւ բոլոր պատասխանատու անձանց կոչ է անում երաշխավորելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, եւ կատարելու Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումը»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:
Եվրամիությունը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում շարունակելու երկխոսությունը, ներառյալ պետությունների ղեկավարների մակարդակով։ «Ակնկալում ենք շարունակել խաղաղ գործընթացը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում: