Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնելու։ Նա նշել է, որ Եվրամիության համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Կլաարը շեշտել է, որ ԵՄ դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան եւ շահագրգռված են դրանում, ԵՄ-ում ուրախ կլինեն աշխատելու արտաքին դերակատարների հետ եւ համակարգելու այդ գործընթացը նրանց հետ։ «Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որեւէ մրցակցային գործընթաց»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է Կլաարը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն իր հերթին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձգտում հակամարտող կողմերին տեքստ պարտադրելու, կողմերից որեւէ մեկի վզին պայմաններ փաթաթելու: «Այն, ինչ փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները եւ միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետեւ ցանկացած երկարատեւ, կայուն եւ հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից բխի: Այն չի կարող բխել երրորդ՝ դրսի կողմից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բոնոն։
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Երեւանում հանդիպել է վարչապետ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի ղեկավար Գրիգորյանի հետ: Դրանից առաջ նա Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի ղեկավարության հետ: