Այսօր առավոտյան Ֆեյսբուքում երկու լուր ընկավ աչքովս։
1. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ եւ տեղեկացրել, որ «արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով»։ Ըստ այլ տեղեկությունների՝ դեսպանն ասել է, թե քննարկում են ռուս մարդկանց անունները կրող դպրոցները ռուսական դարձնելու հարցը։
2. Վրաստանի հասարակությունն ընդվզել է խորհրդարան բերված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ, որը նախօրեին ընդունվել էր առաջին ընթերցմամբ։
Երբ դեռ օրենքը չէր մտել Վրաստանի խորհրդարան, եւ դեռ միայն խոսվում էր հնարավորության մասին, մեզանում ակտիվ մտահոգություն կար, որ ընդունման դեպքում քաղաքացիական հասարակությունը վերացնող եւ մեդիան մահվան դատապարտող այդ միտումը սահուն անցնելու է Սադախլոյի մաքսակետը։
Ընթերցողի մեջ հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ կապ կա Կոպիրկինի հանդիպման, հայտնած տեղեկությունների եւ Վրաստանում ընդվզում առաջացրած օրենքի նախագծի միջեւ։ Կապը գուցե անմիջական չէ, բայց երկու դեպքում էլ գործ ունենք ռուսական ազդեցության ընդլայնման հետ։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը Վրաստանի քաղաքացիները դիտարկում են որպես Ռուսաստանում 2012-ին ընդունված նմանօրինակ օրենքի պատճենում, թեեւ իշխանամերձ շրջանակները (նախագծի հեղինակն իշխող «Վրացական երազանք»-ը չէ) պնդում են, որ դա ներշնչված է 1938-ին ԱՄՆ-ում ընդունված FARA (Foreign Agents Registration Act) օրենքից։
Եթե նախագիծն օրենք դառնա, հասարակական այն կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, որոնց ֆինանսական մուտքերի 20 տոկոսից ավելին գալիս է այլ երկրներից, կստանան օտարերկրյա ազդեցության գործակալի կարգավիճակ։ Այդ դեպքում նրանք պետք է գրանցվեն, իսկ գրանցումից հրաժարվելու դեպքում արդարադատության նախարարությունը կարող է տուգանել կամ սկսել հետաքննություն։
Բայց իմ ենթադրած կամ նկատած կապն ուրիշ տեղ է, եւ այն բացահայտելու համար պետք է գնալ հասնել հեռավոր 1978 թվական, երբ ԽՍ հանրապետությունները պատրաստվում էին նոր սահմանադրությունների ընդունմանը։ (ԽՍՀՄ-ն ուներ մեկ ընդհանուր սահմանադրություն, իսկ յուրաքանչյուր հանրապետություն՝ իր սահմանադրությունը։)
1978 թվականին վրացական «Զարյա Վոստոկա» ռուսալեզու թերթը հրապարակում է սահմանադրության նախագծի լեզվին վերաբերող հոդվածը, ըստ որի՝ հանրապետությունում վրացերենին իրավահավասար պետք է կիրառվեր ռուսերենը։
«Վրացական ԽՍՀ բոլոր մարմիններում եւ հիմնարկություններում իրավահավասարության հիմքով ապահովվում է ռուսերենի օգտագործումը, ինչպես նաեւ այլ լեզուների, որոնցից օգտվում է բնակչությունը»,- գրված էր հոդվածում։ Մինչդեռ 1937 թվականի (Ստալինյան) սահմանադրության համապատասխան դրույթն ավելի պարզ էր՝ «Վրացական ԽՍՀ պետական լեզուն վրացերենն է», իսկ ազգային փոքրամասնություններին հնարավորություն էր տրվում պետական հաստատություններում ազատորեն օգտագործելու եւ զարգացնելու իրենց լեզուները։
Վրաց հասարակությունը կարծում էր, որ 1978-ի սահմանադրության նախագծի հիշյալ դրույթի ընդունման դեպքում վրացերենը կկորցներ պետական լեզվի կարգավիճակը։ Սա էլ պատճառ դարձավ, որ բրեժնեւյան լճացման ժամանակաշրջանում վրացի մտավորականները եւ ուսանողները դիմեն ծայրահեղ քայլի՝ զանգվածային ընդվզման։
Արդյունքում Վրաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շեւարդնաձեն ցուցարարների առջեւ կարդաց սահմանադրության այդ հոդվածի նոր խմբագրված տարբերակը, որը բավարարեց հասարակությանը։
Ռուսերենի գերակայությունը հաստատելու այս փորձը հեշտ ու հանգիստ ընդունվել էր ԽՍ մյուս հանրապետություններում։ Մնացել էին Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանում, կարծես, խնդիր չէին տեսնում, իսկ Հայաստանում թեեւ զագվածային բողոք չկար, բայց լարվածություն նկատվում էր։ Անդրկովկասյան երեք հանրապետություններում էլ անցավ վրացական խմբագրված տարբերակը։
Այսպես վրացիները 1978-ին մեզ փրկեցին օրինական ռուսիֆիկացիայի հնարավոր վտանգից, այսօր էլ, հուսանք, կփրկեն ռուսական մեկ այլ պարտադրանքից՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից։ Իսկ թե ինչ կլինի հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների հետ, դա մեր անելիքն է, քաղաքական մեր իմունիտետի փորձարկումը։
Հ.Գ. Երբ վաղ 90-ականներին պահանջ էր դրվում անվանափոխելու Պուշկինի, Չեխովի, Տոլստոյի եւ մյուս ռուսների անունները կրող դպրոցները, շատերը դա ծայրահեղականություն էին համարում եւ ասում էին՝ մենք ոչինչ չունենք ռուս դասականների դեմ։ Իսկ հիմա պարզվում է, որ ռուսական պետությունը դա համարում է ոչ թե քաղաքակրթական ազդեցություն, այլ քաղաքականության գործիք։ Այսպես վաղն էլ իրենց իսկ բռնապետությունից փախած եւ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներին են գործիք դարձնելու։
Հ.Հ.Գ. 1978-ի սահմանադրական փոփոխություններին առնչվող իրադարձությունները գեղարվեստորեն ներկայացված են Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպում, որը խորհուրդ եմ տալիս կարդալ։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։