Այսօր աներեւակայելի շատացել են տարատեսակ վերլուծաբաններն ու քաղաքագետները, որոնք իրենց վերլուծություններով իրենց մասնագիտության լրջությունն են կասկածի տակ դնում։ Պատահում են, իհարկե, բացառություններ, հիմնական մասը, բայց, հիասթափեցնող է։
Նրանք տարբեր բուհերում քաղաքագիտություն են սովորել, ոմանք հենց այս առարկան էլ դասավանդում են, բայց նրանց ելույթներից ու գրառումներից կարելի է եզրակացնել, թե միջազգային իրավունք չկա, թե այն ֆիկցիա է։
Չեն ընդունում, որ, ասենք, Ուկրաինան կամ կամայական այլ երկիր, որ գերտերություն չէ, ունի իր ապագան ինքնուրույն որոշելու իշխանություն։ Արդարացնում են Ռուսաստանին, իբր մեծ ու հզոր լինելով հարեւան երկրներին իր կամքը թելադրելու իրավունք ունի։ Ուկրաինան, իբր, իր շահը մի կողմ դրած պետք է Ռուսաստանի շահերը հաշվի առներ, չձեռնարկեր քայլեր, որոնք Ռուսաստանին կարող էին դուր չգալ։ Դեպի Արեւմուտք քայլ չաներ։ Ղրիմը, Դոնբասը զիջեր Ռուսաստանին։ Հայաստանի դեպքում պնդում են, թե առանց Ռուսաստանի կորած է, թե պետք է ենթարկվենք Ռուսատանի թելադրանքներին, ինչ էլ որ դրանք մեզ արժենան, որովհետեւ կա թուրքական վտանգը, իսկ Արեւմուտքի հետ հույսեր կապելը միամտություն է, մեծ սխալ, որը կարող է Ռուսաստանի զայրույթը շարժել։
Պնդում են, թե Ռուսաստանն իր նախընտրած միջոցներով՝ կլինի շանտաժ թե ուժի գործադրում, իր շահերը պաշտպանելու իրավունք ունի։ Արդարացնում են Պուտինին ու Ռուսաստանին, իբր ՆԱՏՕ-ն ընդլայնվում էր, այլ ելք չէր մնում, ստիպված էր ու պե՛տք է հարձակվեր Ուկրաինայի վրա։
Իսկ Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ իր ռազմական ագրեսիան դեռ 2014-ին է սկսել։
Արեւմուտքն այն ժամանակ անկամ գտնվեց։ Որովհետեւ արեւմտյան որոշ առաջնորդներ նույնպես ընդունում էին մեր այս վերլուծաբանների ու քաղաքագետների թեզը, թե հզոր Ռուսաստանի ցանկությունները պետք է հաշվի առնվեն, թե նրան պետք է զիջել, պետք է բավարարել նրա ախորժակը, որ հագենա ու նոր պահանջներ չներկայացնի։ Աչք էին փակում ժողովրդավարական արժեքների ոտնահարման ու կեղծված ընտրությունների դեպքերի վրա, եթե դրանք Մոսկվայի սցենարով էին։ Հայաստանցիներս եղել ենք դրա ականատեսն ու զոհը։
Այսօր, բայց, երբ մեկ տարի է արդեն, ինչ Եվրոպայի կենտրոնում լայնածավալ ու դաժան պատերազմ է ընթանում, նույն այդ առաջնորդներին, առաջին հերթին Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելի, Ֆրանսիայի այն ժամանակների նախագահների հասցեին մեղադրանքներ են հնչում։ Պարզ է դարձել, որ գլխավորապես նրանց թողտվության հետեւանքով է, որ կա այս պատերազմը։ Նրանց թողտվության հետեւանքով է նաեւ, որ չեն լուծվել բազմաթիվ հակամարտություններ, որոնք կարող էին լուծված լինել։ Չեն լուծվել, որովհետեւ Ռուսաստանին Մերձդնեստրում, Աբխազիայում, Օսեթիայում, Արցախում եւ այլուր չլուծված հակամարտություններ են պետք եղել։ Այսօրվա առաջնորդները, ցավոք, փաստի գրանցումից հետո գիտակցում են արդեն, որ ոչ մի պարագայում իրավունքից կտորներ զիջել չէր կարելի։ Որ նման զիջումը լավ հանգրվան չի բերում։
Ռուսաստանը ոչնչով չարդարացված, դաժան ու լայնածավալ պատերազմ սկսելով ստիպեց, որ աշխարհը դեպի միջազգային իրավունք վերադառնա, որ աչք չփակի մեծի կամայականությունների ու կամակորությունների վրա։ Ողջ հավաքական Արեւմուտքն է բոլոր հնարավոր միջոցներով օգնում այսօր Ուկրաինային, որ դիմակայի։
Ինչ-որ առումով Ուկրաինայի հաջողությունը դառնալու է միջազգային իրավունքի վերահաստատում։ Այն իրավունքի, որը չեն նկատում մեր այսպես կոչված քաղաքագետներն ու վերլուծաբանները, մեր շատ քաղաքական գործիչներ, բայց երբ նեղն են ընկնում, երբ Հայաստանի սահմանն են հատում ադրբեջանցիները, երբ Լաչինի միջանցքն են փակում, չգիտես ինչու, հենց նույն միջազգային իրավունքին ու միջազգային հանրությանն են դիմում։ Այնտեղից են պաշտպանություն ակնկալում։
Չարդարացված պատերազմը, ուժով միջազգայնորեն ճանաչված սահմաններ վերաձեւելու փորձերը, պետությունների ազատ կողմնորոշման իրավունքի մերժումը, ժողովրդավարական արժեքների ոտնահարումները չպետք է հանդուրժվեն եւ որեւէ փաստարկով չպետք է արդարացվեն։ Մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ինչպես մտածվել են Երկրորդ աշխարհամարտի ավարտին, պետք է մնան գերակա ու պետք է հարգվեն։ Հակառակ դեպքում փոքր ու թույլ երկրները, ասենք՝ ինչպիսին Հայաստանն է, գոյատեւելու հնարավորություն չեն ունենալու։ Պետք է գործի ոչ թե ուժի իրավունքը, այլ իրավունքի ուժը։ Ցանկացած շեղում այս սկզբունքից աղետի է հանգեցնում։ Սա ապացուցված է։ Այդպես եղավ 1930-ականներին, երբ Հիտլերին էին գոհացնում, ինչի հետեւանքով բռնկվեց Երկրորդ աշխարհամարտը, այդպես եղավ Ուկրաինական պատերազմին նախորդող շրջանում, երբ Պուտինին էին գոհացնում։ Անգամ մեր դեպքում այդպես եղավ, երբ որոշեցինք անտեսել միջազգային հանրությանը եւ միջազգային իրավունքը ու մեր ջախջախիչ պարտությանը հանգեցինք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։