Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը մարտի 10-ին պաշտոնապես հետ է կանչվել։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալել է: Խորհրդարանում ներկա էր 112 պատգամավոր: Նախագծին երկրորդ ընթերցմամբ չաջակցեց 35 պատգամավոր, մեկ պատգամավոր կողմ էր։ Խորհրդարանական մեծամասնությունը մարտի 9-ին բողոքի ցույցերի ճնշման ներքո որոշում էր ընդունել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգով՝ օրենքի նախագծի պաշտոնական հետկանչման համար անհրաժեշտ էր լիագումար նիստում ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, դնել քվեարկության երկրորդ ընթերցմամբ ու տապալել այն: Իսկ նախաձեռնողները «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը խորհրդարանից հետ են կանչել: Խորհրդարանի բյուրոյի նիստին ներկայացվել է օրենքի նախագիծը նախաձեռնող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների գրավոր դիմումը, որն էլ բավարարվել է: