Ռուսաստանում առաջին անգամ ուսուցիչների եւ առհասարակ կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի զանգվածային ձգձգումներ կան։ Նման բան չէր եղել երկար տարիներ։ Համաձայն «ՌոսՍտատի» տվյալների՝ 2023 թվականի փետրվարին պետության ունեցած պարտքը ուսուցիչներին եղել է 162 միլիոն ռուբլի, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին այդ ցուցանիշը չէր գերազանցել 17 միլիոն ռուբլին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտքն աճել է 12 անգամ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 146 միլիոն ռուբլի կազմում է ռեգիոնների բյուջետային պարտքը, 4 միլիոն ռուբլի՝ տեղական բյուջետային պարտքը, 2 միլիոն ռուբլի՝ դաշնային գանձարանի պարտքը։ Եվս 10 միլիոն ռուբլի էլ ուսուցիչները չեն ստացել «գործատուների՝ սեփական միջոցներ չունենալու» պատճառաբանությամբ։ Բոլոր ոլորտներում աշխատավարձային պարտքը այս տարվա փետրվարի սկզբին եղել է ավելի քան 799 միլիոն ռուբլի, ինչը այս տարվա հունվարի համեմատ աճել է 24 տոկոսով։
Այս տարվա փետրվարին աշխատավարձային ձգձգումներ են ունեցել 19 հազար աշխատակից։ Հունվարին այս ցուցանիշը եղել է 8,3 հազար։ Մասնագետները նշում են, որ պետության կողմից սեփական ժողովրդի առաջ ունեցած սոցիալական պարտավորությունների կատարման դժվարությունները Ռուսաստանում պայմանավորված են հակառուսական պատժամիջոցներով։
Բանն այն է, որ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ռուսական դաշնային բյուջեի դեֆիցիտը եղել է 2,581 տրիլիոն ռուբլի, ինչը 90 տոկոսով ավելին է, քան պլանավորված է եղել։ Բյուջետային դեֆիցիտը տնտեսագետները նավթագազային ոլորտից ռուսական պետության ստացած եկամուտների անկման հետեւանք են համարում։