Չինաստանի 14-րդ գումարման Ազգային ժողովրդական կոնգրեսի (խորհրդարան) առաջին նստաշրջանի պատվիրակները մարտի 10-ին միաձայն քվեարկել են Սի Ծինփինին աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրելու օգտին։ Քվեարկությանը մասնակցել է 2952 մարդ։ Սի Ծինփինը 2022-ի հոկտեմբերին՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից հետո, երրորդ ժամկետով վերընտրվել էր նաեւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Չինացի նշանավոր հեղափոխական եւ քաղաքական գործչի ընտանիքում ծնված 69-ամյա Սի Ծինփինի վերընտրությունը Չինաստանի նախագահի պաշտոնում հնարավոր է դարձել 2018-ին Չինաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո: Ըստ այդմ, միեւնույն անձին իրավունք է վերապահվում առանց սահմանափակման վերընտրվելու պետության ղեկավարի պաշտոնում։