ԵՏՀ աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան հայտնել է, որ 2022-ին Հայաստանից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նախորդ տարվա համեմատ 50 հազարով կրճատվել է։
Միեւնույն ժամանակ, 2022-ի տվյալներով, Ղազախստանում Հայաստանից 2333 աշխատանքային միգրանտ է տեղափոխվել աշխատանքի։ Դա 2021-ի համեմատ փոքր-ինչ ավելի է, երբ այդ թիվը 1826 էր։
«Աշխատանքային միգրացիան եւ միգրանտների սոցիալական պաշտպանության միջոցները ԵԱՏՄ երկրներում» թեմայով հրավիրված Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Աստանա տեսակամրջի ժամանակ Օմուրբեկովան Հայաստանից աշխատանքային միգրանտների թվի նվազումը պայմանավորել է վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության կրճատմամբ։
Ըստ Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտի տնօրենի` ԵԱՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների ընդհանուր թիվը 1 միլիոն 647 հազար 455 է, ինչը 2021-ի համեմատ 35 հազարով ավելի է։ «ԵԱՏՄ–ում աշխատանքի ընդհանուր շուկան 93 միլիոն մարդ է, որի 1,8%-ն օգտվում է շարժունակության իր իրավունքից եւ աշխատանքի է տեղավորվում ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկրում»,- նշել է Օմուրբեկովան։