Այս կիրակի՝ մարտի 12-ին, լրանում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի շրջափակման երեք ամիսը։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) միջազգային կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերին կոչ է անում ապահովելու շրջափակումը եւ դրա հումանիտար լուրջ հետեւանքները լուսաբանել ցանկացող լրագրողների ազատ տեղաշարժը։
RSF-ը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական եւ տեղեկատվական սեւ խոռոչի։ «Ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները երեք ամիս շարունակ փակել են ԼՂ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ կաթվածահար անելով ամբողջ երթեւեկությունն ու առաջացնելով հումանիտար լուրջ ճգնաժամ։ Լաչինի միջանցքում տեղի ունեցող «բողոքի ակցիաները» կարող են լուսաբանել միայն Ադրբեջանի պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողները։ Հազվագյուտ անկախ տեղական լրատվամիջոցներին թույլ չեն տալիս անցնել անցակետերը»,- նշված է կազմակերպության զեկույցում։ Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքի այսպես կոչված «բնապահպանների» արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակման՝ 2023-ի փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, նաեւ Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։
«Լրագրողներ առանց սահմանների» Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է, որ Ադրբեջանի խշխանական լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են մանիպուլացնել ազգային եւ միջազգային հանրային կարծիքը: «Նրանք ոչ միայն խախտում են 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «բնապահպաններին», այլեւ կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման եւ դրա սարսափելի մարդասիրական հետեւանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում,- նշել է Քավելիերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը եւ ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին եւ կոչ է անում վերականգնելու լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան: