Վերջերս ճոխ շնորհանդեսով նշվեց Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» վերնագրով գրքի լույսընծայումը։ Այն հրատարակության է պատրաստել «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը»։
Այս պահին նպատակ չունենալով անդրադառնալու գրքին բովանդակային առումով՝ հակիճ միայն նրա հրապարակման վերաբերյալ գիտական-մատենագիտական հարցերի մասին։
Վերջինիս անոտացիայում ասվում է, որ այն պարունակում է 2008-2018, դրան գումարած՝ պաշտոնավորումից հետո 2018-2022 թվականների նրա «հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները»։
Հանրապետության առաջին դեմքի, ղեկավարի այսօրինակ նյութերը՝ հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները եւ այլն, այո՛, առաջին հերթին փաստաթղթեր են, առաջնային վավերագրեր, աղբյուր տվյալ տարիների պատմության համար, բնականաբար համադրված կարեւոր այլ փաստաթղթերի հետ։ Եվ դա ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե տվյալ առաջին դեմքը ինչպես է ղեկավարել, ինչ սխալներ է գործել, ինչ վնասներ է բերել կամ ինչ հաջողությունների է հասել, անգամ՝ որքանով է նրա խոսքը համահունչ իրականության հետ։ Որեւէ դեպքում դրանք չի կարելի շրջանցել։
Ահա կարեւոր այդ փաստաթղթերը, ժամանակին որպես օրվա լրատվության մաս հրապարակված լինելով տարբեր տեղերում, ավելի ուշ դժվարհասանելի են դառնում հետազոտողին՝ պատմաբանին, քաղաքագետ վերլուծաբանին եւ այլն։ Այսինքն՝ նման ժողովածուների հրապարակումն այդ առումով խիստ օգտակար եւ խրախուսելի գործ է, որ ազատում է հետազոտողին դրանք գրադարաններում փնտրելու, գտնելու ոչ դյուրին ու ժամանակատար գործից։
Ահա հենց այդ պատճառով շատ կարեւոր է դրանց պատշաճ հրապարակումը, այն է՝ վավերականության ապահովման խնդիրը։ Իսկ վավերականը տվյալ պահին (երբ տրվել է հարցազրույցը, եղել է ելույթը, հրապարակվել է ուղերձը եւ այլն) դրանց առաջին, այդ օրերի տպագիր տարբերակներն են, որոնք պարտադիր կերպով պետք է նշվեն յուրաքանչյուր նյութի տողատակային ծանոթագրություններում։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում հեռուստատեսային այն հարցազրույցներին, որոնց սղագրական տեքստերը ժամանակին չեն հրապարակվել։
Այս գրքի նյութերը, որ ներկայացված են ըստ տարեթվերի, չունեն նման հղումներ կամ ծանոթություններ, թե որտեղից են վերցված, դրանց տեքստը որ օրը որ թերթի որ համարում է տպագրվել։ Այսինքն՝ չկա նրանց հասցեն, վավերականության հիմքը։
Երրորդ էջում ծանուցվում է միայն, որ դրանց «ամբողջական տարբերակին» կարելի է ծանոթանալ Ս. Սարգսյանի պաշտոնական կայքում։ Բայց սա ոչինչ չի փոխում, այնտեղ էլ բացակայում են նյութերի վավերականության հիշյալ տվյալները։
Այսինքն՝ հրապարակված ժողովածուն չի պահպանում կամ ապահովում իր ամփոփած նյութերի վավերականության եւ վստահելիության հիմքերը։
Ինչո՞ւ են այդպես վարվել։
Կարող է լինել բացատրության ընդամենը երկու տարբերակ.
Ա) Գիրքը կազմողները չեն գիտակցել դրա անհրաժեշտությունը, կարեւորությունը։
Սակայն խնդիրը այդքան բարդ ու դժվարհասանելի ակադեմիական «նուրբ» մի գիտելիք չէ ամենեւին։ Արդեն ուսանողական տարիներին, գեթ պատմաբանների, բանասերների դեպքում, դա տրվող առաջին գիտելիքներից մեկն է, որ սովորողն իրացնում է կուրսային աշխատանքներում։ Ս. Սարգսյանի գրասենյակում հաստատ կան բանասիրական կամ պատմական կրթություն ունեցողներ, կարծեմ, նաեւ գիտական կոչումներով։ Այսինքն՝ չիմանալու, չգիտակցելու այս տարբերակը դժվարպատկերացնելի է։
Բ) Բնօրինակ վավերական աղբյուրը չնշելու այս ձեւը հնարավորություն կարող էր տալ ինչ-որ միջամտություններ, փոփոխություններ կատարել գրքում հրապարակվող տեքստերում, դուրս հանել այն, ինչը այսօր «ձեռնտու չէ», կամ ավելացնել ինչ-որ «ձեռնտու» նոր բան։ Այսինքն՝ կեղծել, թաքցնել։
Պարզապես դժվար է բացատրության երրորդ մի տարբերակ գտնելը։
Այսինքն՝ Երրորդ նախագահի գրասենյակը «արջի ծառայություն» է մատուցել Սերժ Սարգսյանին. այս ժողովածուն որեւէ առումով որեւէ վստահություն չի ներշնչում, այն պարզապես խոտան է։