ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով առցանց քննարկում է նախաձեռնել Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի թեմաներով:
«Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ եւ որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը եւ պետք է հուզի բոլորիս»,- Թվիթերի իր միկրոբլոգում նշել է պատգամավորը:
Քննարկմանը մասնակցելու են նաեւ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաեւ Արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, որի անունը չի հստակեցվում:
Միեւնույն ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել գերությունից նրանց ազատելու ուղղությամբ։
Ըստ Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսության՝ խորհրդարանականը հայտարարել է, որ հայ ռազմագերիների խոշտանգումների մասին տեսանյութերը շրջանառվել են սոցիալական ցանցերում նույնիսկ նոյեմբերյան հրադադարից առաջ: Հրադադարից հետո Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին, բայց նույնը տեղի չի ունեցել հակառակ կողմից:
Ենթադրվում է, որ Ադրբեջանը գերության մեջ է պահում գրեթե 200, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց։
Կարտեյզերը խորհրդարանի խոսնակին հարցրել է՝ արդյոք կառավարությունը տեղեկություններ ունի զինադադարից հինգ ամիս անց ադրբեջանական գերության մեջ գտնվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թվի, ադրբեջանական գերության մեջ խոշտանգված հայ կամ այլ ազգի մարդկանց մասին, եւ կոնկրետ ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում նրանց ազատ արձակման ուղղությամբ։
Պատգամավորը Լյուքսեմբուրգի կառավարությանն առաջարկում է գործընթացի խափանման դեպքում կողմ արտահայտվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմանը։