ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր գրառման մեջ 9 կետով անդրադարձել է քովիդի համավարակի աշխատանքների շուրջ Հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած քրեական վարույթի շրջանակում կատարած գործողություններին։
Թորոսյանը գրում է, որ բազմիցս նշել է, իսկ ԱԺ-ում քննարկման ժամանակ նաեւ ապացուցել, որ քովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը կատարել են ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցող անձինք, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միեւնույնն է, եզրակացություններ են արվել, որոնք որեւէ քննադատության չեն դիմանում: Թորոսյանը հիշեցրել է, որ Քովիդ-19-ի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու պետության ձեռնարկած հակաքովիդային գործողությունների վրա՝ ձգտելով հանրության մեջ կասկածներ սերմանելու կառավարության առողջապահական եւ սոցիալ-տնտեսական գործողությունների արդյունավետության վերաբերյալ:
«Կոմիտեն ավելի շատ հետաքրքրված է անձանց հրապարակային թիրախավորմամբ եւ ոչ թե գործի հանգամանքներով»
Առողջապահության նախկին նախարարի խորին համոզմամբ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երեւույթներն առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Թորոսյանը տարակուսանք է հայտնում, որ վարույթի ընթացքում իրենից ու գործող նախարարից բացի հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, նախարարության պաշտոնյաններ, բժիշկներ, խնամյալներ եւ այլք։ «Իմ բազմաթիվ փորձերը՝ հասնելու նրան, որ ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել, եւ ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար»,- նշել է Թորոսյանը։
Խափանման միջոցի ընտրությունն արվում է մտացածին թեզերը հիմնավորելու մղումով
Նախկին նախարարը հավելել է, որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ, որոնցից մեկը վերաբերում է կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանը, իսկ մյուսը՝ հոսպիտալացվածների դուրսգրմանը, արձակել է ինքը, ու իրենից բացի ոչ ոք ավելի լավ չէր կարող իմանալ դրանց արձակման թե՛ նպատակները, թե՛ տրամաբանությունը: Թորոսյանը տարօրինակ է համարում նաեւ այն, որ չէր հարցաքննվել նաեւ «ծառայողական պարտականությունները չկատարելու հետեւանքով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու» մեղադրանքով մարտի 10-ին ձերբակալված Երեւանի փոխքաղաքապետ, 2020-2022 թվականներին ՀՀ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: Ըստ նախկին նախարարի՝ այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը եւ ոչ թե գործի հանգամանքները:
«Ինձ, գործող նախարարին եւ Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով»,- շեշտել է Թորոսյանը:
Ինչո՞ւ է հանրությանը հասանելի տեղեկությունը մատուցվել իբրեւ «քննությամբ պարզված»
Առողջապահության նախկին նախարարը տարօրինակ է համարում, որ Կոմիտեն իր հաղորդագրության նախաբանում շեշտել է, թե քննությամբ պարզել է, որ ՀՀ-ում Քովիդ-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 միլիարդ ՀՀ դրամ։ Մինչդեռ նշված գումարը, նշում է Թորոսյանը, ժամանակին հրապարակվել է եւ բոլորին հասանելի տեղեկություն է։ «Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա»,- նշել է Թորոսյանը եւ հավելել, որ Կառավարությունը 26 միլիարդ դրամ հատկացրել է միայն 2020-ին, գրեթե նույնքան գումար էլ հատկացվել է 2021-ին։
Նախկին նախարարն այնուհետեւ հանգամանորեն անդրադարձել է կոնկրետ մեղադրանքներին եւ իր բնորոշմամբ՝ «մտացածին թեզերին» եւ հանգամանորեն վերլուծել դրանք։
Վերոնշյալ գործով պատրաստ է ցանկացած պահի ցուցմունք տալու
Թորոսյանը հրապարակման վերջում համոզմունք է հայտնել, որ հայաստանյան իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական ստերեոտիպը, եւ որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի հետեւանք է, եւ հետեւաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան: «Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդություններն այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա, եւ եթե կան մեղավորներ, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային եւ մասնագիտական գնահատականի կարժանանան»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է առողջապահության նախկին նախարարը եւ վերոնշյալ գործով ցանկացած պահի ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնել: