Ըստ «Էխո Կավկազա» գործակալության՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերին աջակցող ուկրաինացի քաղաքական գործիչներին, մասնավորապես Վիտալի Կլիչկոյին եւ Դավիդ Արախամիային ազգային հեռուստատեսության եթերում անվանել է «պարտվածներ» եւ խորհուրդ տվել «հոգ տանել սեփական երկրի մասին»։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ «եթե կռվող մարդը ժամանակ է գտնում մեկնաբանելու Վրաստանում մի քանի հազար մարդու մասնակցությամբ ավերիչ գործողությունը, դա ընդամենը վկայում է, որ այդ մարդը ներգրավված է եւ ձգտում է, որ այստեղ ինչ-որ բան տեղի ունենա, իշխանություն փոխվի»:
2023-ի հունվարի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թբիլիսին եւ Մոսկվան «փոխադարձ ռեւերանսներ են անում», այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է բռնազավթել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Վրաստանի տարածքի մի մասը, եւ նման իրավիճակում ռուսամետ հռետորաբանությունը վրացական կողմից «քաղաքական ստորություն է»: Մարտի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի բարեկամ ժողովրդին շնորհակալություն էր հայտնել Թբիլիսիում ցույցերի ժամանակ Ուկրաինայի օրհներգը հնչեցնելու եւ դրոշները բարձրացնելու համար եւ հաջողություն մաղթել պայքարում։