Վարդան Հարությունյանը Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է բանասեր, իտալերենի եւ անգլերենի մասնագետ Իրինայի հետ, որի ընտանիքը տեսել է պատերազմի ողջ սարսափը։ Այս պահին նա իր երկու մանկահասակ երեխաների հետ Իտալիայում է։ Հաղթանակին է սպասում, որ տուն վերադառնա։
Մենք էլ ենք այդպես կարծել։ Չնայած որ հավաքել էինք պահանջվող «տագնապային պայուսակները», առաջին անհրաժեշտության իրերը, բոլոր փաստաթղթերը ձեռքի տակ էինք պահում, այնուամենայնիվ, մտածում էինք, թե մեծ պատերազմ չի լինելու։ Կարծում էինք՝ իշխանությունները կպայմանավորվեն, ու լարվածությունը կհարթվի։ Չէինք պատկերացնում, որ 21-րդ դարում նման բան հնարավոր է։
Առավոտ 5-ը դեռ չկար, 5-ից 15 էր պակաս, արթնացավ երեքամյա դուստրս՝ Պատրիսիան, սկսեց արտասվել, ասաց․ «Մա՛մ, գրկի՛ր ինձ, վախենում եմ»։ Գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, նա քնեց, իսկ ես՝ ոչ։ Չէի հասկանում, թե ինչը պետք է այդպես անհանգստացներ նրան։ Մի 15 րոպեից հեռախոսիս հաղորդագրություն եկավ այն մասին, որ Կիեւը ռմբակոծում են, իսկ մի հինգ րոպեից լսվեցին պայթյունները։
Պայթյունների առաջին ձայները լսելուն պես արթնացրի ամուսնուս, ապա՝ ութամյա որդուս՝ Մարկին, ու դստերս։ Վերցրինք նախապես պատրաստած պայուսակներն ու ոտքով, պարզ է՝ վերելակ մտնել չէր կարելի, իջանք բակ, նստեցինք մեքենան եւ ուղեւորվեցինք դեպի մեր գյուղ՝ Պլախտյանկա։ Պլախտյանկան Կիեւի մարզի Մակարովի շրջանի գյուղերից է։ Կիեւից մի 50-55 կմ է հեռու։ Մեր պատկերացումներում՝ ամենաանվտանգ վայրը։
Այն անտառներով շրջապատված խաղաղ գյուղ է, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Մտքներովս անգամ չէր անցնի, որ ռուսները Բուչայի ու Գոստոմելի կողմերից դեպի Կիեւ շարժվելուն զուգահեռ կանցնեն Մակարովի շրջանով ու, մասնավորապես, Պլախտյանկայով։ Ուկրաինական ուժերը, ինչպես հետո պարզ դարձավ, հենց այդ ուղղություններում կասեցրին դեպի Կիեւ ռուսների ընթացքը, եւ այս տարածքներում ծանր մարտեր էին ընթանում։
Գյուղ մտնելուց կարճ ժամանակ անց մենք, փաստորեն, շրջափակման մեջ հայտնվեցինք։ Գյուղից դուրս գալն ու գյուղ մտնելը բացառվում էին։ Փետրվարի 27-ի առավոտյան կտրվեց բջջային կապը, ապա անջատվեց էլեկտրականությունը։ Այնպես որ, փետրվարի 27-ի առավոտից մինչեւ մարտի 9-ի կեսօր մենք արտաքին աշխարհի հետ կապ չենք ունեցել։
Մինչեւ մարտի 8-ը մեր գյուղը չի ռմբակոծվել։ Շուրջբոլորը, բայց, ռմբակոծվում էր։ Ռուսները տեղակայված էին Մակարով շրջկենտրոնի գոլֆ-ակումբում։ Մեր տնից մինչեւ այդ գոլֆ-ակումը 1․8 կմ է։ Մենք պարզ տեսնում էինք նրանց։ Տեսնում էինք, թե ինչ մեքենաներ ու ինչ շարասյուներ են մոտենում ու հեռանում։ Տեսնում էինք նրանց ռազմական տեխնիկան, գրադները, որոնցից կրակում էին։ Գյուղը ռմբակոծել սկսեցին մարտի 8-ի առավոտյան։
Արկերից մեկն ընկավ մեր հարեւանությամբ գտնվող տան վրա։ Տանը գտնվող կինը հրաշքով փրկվեց, բեկորները միայն նրա ձեռքերն էին վնասել։ Պայթյունը շատ հզոր էր։ Մեր տունը այդ տնից մի չորս մետր հեռավորության վրա է։ Այդ պահին մեր ընտանիքը խոհանոցում էր։ Հայրս ու ամուսինս ինձ ու մայրիկիս շնորհավորում էին մարտի 8-ի կապակցությամբ։
Պայթյունից առաջացած ողջ զանգվածը՝ արկի բեկորներ, աղյուսների կամ տանիքի ծածկի կտորներ, ապակի, փոշու ամպ, թռավ մեր տան ուղղությամբ։ Մեր խոհանոցի պատը ցանցի վերածվեց։ Վնասվեցին մեր լուսամուտներն ու տանիքը։ Դուստրս նստած էր բազմոցին, նրան փրկեց բազմոցի թիկնակը։ Բեկորները թիկնակի մեջ էին մխրճվել։ Բազկաթոռը նույնպես, որի վրա նստած էր որդիս՝ Մարկը, ամբողջությամբ այդ բեկորների հետքերն է կրում։
Մեծ երջանկություն էր, երեխաներս չվնասվեցին։ Մեր ողջ ընտանիքը չվնասվեց։
Ամեն երեկո, երբ ես երեխաներին տեղավորում էի քնելու, աղոթում էի, որ առավոտյան արթնանան։ Որ բոլորս լինենք ողջ ու առողջ։ Աստված լսեց իմ աղոթքները։ Այս դեպքից հետո Աստծո նկատմամբ իմ հավատը էլ ավելի է ամրապնդվել։
Մարտի 8-ի ողջ օրը գյուղը ռմբակոծվում էր։ Կրակում էին տանկերից, ինքնաթիռներից, ուղղաթիռներից, հրետանուց։
Երեկոյան կողմ գյուղի քահանայի մոտից մարդիկ եկան ու ասացին, որ առավոտյան ժամը 6-ին փորձելու են գյուղից մարդկանց տարհանել, որ պատրաստ լինենք։ Ասացին, որ ավտոմեքենաների վրա պետք է սպիտակ դրոշներ լինեն, պետք է մեծ տառերով գրված լինի «երեխաներ»։ Մենք ողջ գիշեր չքնեցինք։ Մարտի 9-ի առավոտյան ավտոմեքենաների մեծ շարասյունով շարժվեցինք։ Շուրջբոլորը կրակոցներ էին։ Ռուսական անցակետերն անցնելիս մենք տեսնում էինք որոշ դեպքերում ծառերի ճյուղերով, իսկ որոշ դեպքերում քողարկող ցանցերով ծածկված նրանց տանկերը, որոնց փողերն էին միայն երեւում։
Անցակետերում բուրյաթներ ու ռուսներ էին։ Բուրյաթ զինվորները հատուկ ստուգում չիրականացրին։ Նրանք ուղղակի նայեցին, թե ովքեր կան մեքենայում ու վերջ։ Իսկ ահա ռուսական արտաքինով զինվորականներն իրենց վարքով ցույց տվեցին ռուս ժողովրդի իրական որակները։ Նրանք իրենց տեր ու տնօրեն էին զգում։ Կոպիտ էին։ Երեխաների ներկայությամբ գռեհիկ հայհոյանքներ էին տալիս, ամուսնուս ստիպեցին դուրս գալ ավտոմեքենայից ու եղունգներով պոկել դիմահար ապակու արեւապաշտպանիչ շերտը։ Մենք բոլորս լուռ էինք։ Նախապես էինք պայմանավորվել, որ պետք է համբերենք։ Երեխաներին ասել էի, որ գլուխները չշարժեն, հայացքով կամ մատով ոչինչ ցույց չտան, կտրուկ շարժումներ չանեն։ Մենք պատրաստ էինք ամենավատին, որովհետեւ մեզանից առաջ դուրս գալու փորձ արած շարասյունից ոչ բոլորին էր հաջողվել դուրս գալ։ Որոշներին հետ բերեցին Պլախտյանկա՝ թաղելու։ Ռուսներն ուղղակի կրակել էին շարասյան վրա։
Արդեն ասացի, որ մեր տնից տեսանելի էր ռուսական ողջ շարժը, նրանց տեխնիկան, պահեստները։ Մենք դրանք անընդհատ լուսանկարում եւ ուղարկում էինք Ուկրաինայի պաշտպանության նախարարության հատուկ կայքին։ Որպես առաջին գործ՝ մեր հեռախոսներից ջնջել էինք այդ բոլոր լուսանկարները եւ դրանց վերաբերող գրագրությունները։ Ավելին՝ հեռացրել էինք այն ամենը, ինչ կար մեր հեռախոսներում պատերազմի առաջին օրից՝ փետրվարի 24-ից հետո։ Այնպես էինք արել, որ ռուսների մեջ ավելորդ հարցեր չառաջանան։
Իրենց այդ նվաստացուցիչ ստուգումն ավարտելուց հետո թույլ տվեցին, որ մենք դեպի Ժիտոմիրի մայրուղի շարժվենք։ Մեր գյուղից մի 60 մեքենա էր եւ հարեւան գյուղից երեւի մի 40-50 մեքենա։ Ահա այդ հարյուրից ավելի մեքենաներով, բոլորի վրա՝ սպիտակ դրոշներ, իսկ երեխաների առկայության դեպքում՝ նաեւ «երեխաներ» գրառում, դուրս եկանք Ժիտոմիրի մայրուղի։ Մայրուղու այն հատվածը, ուր դուրս էինք ելել, 47-րդ կիլոմետրն էր։ 51-րդ կիլոմետրից սկսած՝ վերահսկում էին ուկրաինական ուժերը։ Ուկրաինացիներն արդեն հետ էին մղել ռուսներին եւ ազատագրել էին Մակարով շրջկենտրոնը։ Ահա այս չորս կիլոմետրը՝ 47-րդ կիլոմետրից մինչեւ 51-րդը, մենք անցել ենք չորս ժամում։
Երբ մայրուղով շարժվեցինք Մակարովի ուղղությամբ, կրակոցներ սկսվեցին։ Կրակում էին այն նույն տանկերը, որ տեսել էինք ռուսական անցակետերում, նաեւ ուղղաթիռներն էին կրակում։ Թեժ մարտ էր գնում։ Մայրուղին ամբողջությամբ կրակի տակ էր։ Հասկանալով, որ առաջ գնալ չենք կարող՝ մենք հետ դարձանք՝ դեպի Կիեւ։ Մեր ճանապարհը, բայց, փակեց ռուսական տանկը։ Ե՛վ մայրուղով շարժվելն էր անհնար, ե՛ւ մայրուղուց դուրս գալն ու այլ մայրուղի, ասենք՝ հարեւան Օդեսա տանող մայրուղի մտնելը։ Մենք այդ 100 մեքենաներով այս չորս կիլոմետրանոց հատվածում պտտվում էինք ու չէինք կողմնորոշվում, թե ինչ է կարելի անել։ Ճանապարհի ողջ երկայնքով գնդակոծված ու տանկերով ճզմված մեքենաներ էին։ Շատ դեպքերում մարդկանց դիերը դեռ մեքենաների մեջ էին։ Որոշ մեքենաներ «երեխաներ» գրությամբ էին։ Ես անընդհատ ձեռքիս անձեռոցիկը ցած էի նետում ու ասում էի, որ որդիս՝ Մարկը, թեքվի ու բարձրացնի։ Նպատակս մեկն էր, որ նա չտեսնի այն, ինչ ես եմ տեսնում։
Հերթական պտույտի ժամանակ մեր ճանապարհը փակել էին ռուսական տանկն ու բեռնատարը։ Դրանք այրվում էին, խոցվել էին հենց ճանապարհի մեջտեղում։ Այլ ելք չկար, դուրս եկանք մայրուղուց ու շարժվեցինք դաշտային ճանապարհով։ Հեռվից մեզ ընդառաջ էր վազում մի պապիկ ու կանգնելու նշան էր անում։ Նա ասաց, որ հետ պտտվենք, քանի որ դաշտով ռուսական տանկեր են գալիս։ Տրորված մեքենաները ցույց տալով՝ ասաց, որ հենց այդ տանկերն են արել դա։
Առջեւում ինչ-որ մեծ պահեստ էր այրվում։ Ծխի աներեւակայելի սեւ ու խեղդիչ քուլաները ծածկել էին շուրջբոլորը։ Սա հնարավորություն էր։ Պետք էր փորձել։ Ես սարսափած էի։ Բոլորս պառկեցինք մեքենայի մեջ, ամուսինս համարյա ղեկի տակ էր մտել, ու սլացանք դեպի ծուխը։ Մեզ ուղեկցում էին ավտոմատների կրակահերթերը։ Թանձր ծուխը, սակայն, մեզ քողարկում էր։ Որդիս ինչ-որ պահի գլուխը բարձրացրեց ու գոռաց․ «Մա՛մ, առջեւում կամուրջ է ու զինվորական»։ Ես նույնպես բարձրացրի գլուխս։ Իրոք, զինվորական էր կանգնած։ Մենք սլանում էինք զինվորականի ուղղությամբ։ Բայց երբ տեսա այդ զինվորի սաղավարտը, տեսա սաղավարտին Ուկրաինայի դրոշը, չեմ կարող փոխանցել իմ ապրումները (հեկեկում է)։ Ի՜նչ երջանկություն էր դա մեզ համար։ Մենք հասկացանք, որ մերոնց մոտ ենք։ Կանգնած է մե՛ր զինվորը, Ուկրաինայի զինվորը, զինվորը, որի հագուստին մե՛ր դրոշն է։ Ուրախությունից արտասվում էինք, շնորհակալություն էինք հայտնում մեր զինվորներին, որ նրանք կան, որ կանգնած են այստեղ։ Ավելի մեծ երջանկություն լինել չի կարող, քան լսելը, երբ ուկրաիներեն ասում են․ «Դուք ուկրաինական բանակի պաշտպանության տակ եք»։
Մայրուղու վրա գտնվելու ողջ ընթացքում երեխաներիս ձեռքերը սեղմած ես աղոթել եմ։ Աղոթում էի, որ Աստված փրկի։ Որ փրկի ոչ թե մեզ, այլ երեխաներիս (հեկեկում է)։ Իսկ Աստված փրկեց բոլորիս։
Ասել, որ մենք սարսափելի օր ապրեցինք, նշանակում է չասել ոչինչ։
Մեզ հետ միասին այլ մեքենաներ նույնպես կային։ Չգիտեմ՝ բոլորն անցան, թե ոչ, բայց շատ մեքենաներ կային։ Շատ ավելի ուշ տեղեկացա, որ մեզնից մեկ օր հետո՝ մարտի 10-ին, Պլախտյանկայի հարեւանությամբ գտնվող Անդրեեւկա գյուղից դուրս եկած շարասյունը ամբողջությամբ գնդակահարվել էր։ Ոչ ոք չէր փրկվել։ Կրկին ավելի ուշ տեղեկացա, որ նահանջող ռուսները թալանել էին մեր Պլախտյանկան։ Տարել էին տներից ամեն ինչ՝ ուտելիքից մինչեւ կենցաղային իրեր ու ավտոմեքենաներ։
Չէ՛, մենք ոչ հեռու՝ Ժիտոմիրի մարզ էինք գնում՝ մորաքրոջս տուն։ Երեկոյան տեղ հասանք։ Լողացրի երեխաներին ու տեղավորեցի, որ քնեն, ու գնացի լվացվելու։ Այդ ժամանակ միայն նկատեցի, որ ուսիս մեջ մետաղի կտոր է մխրճված։ Ողջ օրվա ընթացքում լարվածությունից չեմ էլ զգացել։ Այնտեղ մի ֆելդշեր հանեց բեկորից մի հատված, իսկ երբ արդեն արեւմտյան Ուկրաինայում էինք, վիրահատեցին ու հեռացրին խորքում մնացած բոլոր կտորները։
Սկզբում մենք հենց Ժիտոմիրոում էլ մնալ էինք ծրագրել։ Բայց հավանականությունը, որ պատերազմը նաեւ այդ շրջաններ կարող էր հասնել, ստիպեց, որ արեւմտյան Ուկրաինա տեղափոխվենք։ Այնտեղ եղած ողջ ընթացքում Իտալիայի իմ ծանոթները զանգահարում ու իրենց մոտ էին հրավիրում։ Եվրոպա գնալու, ավելին՝ այնտեղ մնալու ծրագիր չունեինք բոլորովին։ Որոշեցինք մի երկու շաբաթով գնալ, ապա վերադառնալ։ Բայց այնպես ստացվեց, որ մնացինք։ Շուտով մեկ տարին կլրանա։ Ծնողներս Կիեւի Սննդի համալսարանի դասախոսներ են, դասերը սկսվելուն պես վերադարձան, իսկ մենք դեռ այստեղ ենք։
Մեր մտքում, բայց, միշտ էլ Ուկրաինա վերադառնալն է։ Այսօր էլ ենք վերադառնալու մասին մտածում։ Պատերազմի ավարտին ենք սպասում։ Չի կարելի երեխաներին տանել այնտեղ, որտեղ ռմբակոծում են։ Նրանք դեռ այն սարսափից, որ տեսան, ամբողջովին չեն ձերբազատվել։ Դա հատկապես զգացվում է, երբ ինչ-ինչ տոնակատարությունների ժամանակ հրավառություններ են լինում։ Այստեղ՝ Իտալիայում, ընդունված է՝ ինչ-որ պատահարների ժամանակ ուղղաթիռներով են վնասվածք ստացածներին տեղափոխում։ Երեխաները ծովափում էին, երբ առաջին անգամ երկնքում ուղղաթիռ հայտնվեց։ Երկուսն էլ սարսափից փռվեցին ավազներին, թաքնվել էին փորձում։ Նոր-նոր են հանդարտվում։ Սկզբում, սակայն, շատ ծանր էր։ Այստեղ գտնվող ուկրաինացի բոլոր երեխաներն էլ նման ապրումներ ունեցել են։
Դուստրս՝ Պատրիսիան, իհարկե, փոքր է, մինչեւ վերջ չի ընկալում կատարվածը, ես նրան ասում էի, որ աղմուկն ու պայթյունները, որ լսում է, ձմռան ու գարնան կռիվն է, որ շուտով կավարտվի, իսկ Մարկը մեծ է, ամեն ինչ հասկանում է։
Այս ամենը վերհիշելը շատ ծանր է ինձ համար, բայց հասկանում եմ, որ պետք է պատմեմ։ Մարդիկ ամենուր պետք է լսեն ու տեղյակ լինեն մեր պատմության մասին, մեր պատերազմի մասին։ Բոլոր անկյուններում պետք է իմանան, թե Ռուսաստանն ինչ դաժան պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում։
Իհարկե, իհարկե։ Անմիջապես կվերադառնանք։ Մենք շատ ենք դրան սպասում (արտասվում է)։ Շատ։ Մեր կյանքն այստեղ ժամանակավոր է։ Որքան էլ որ այն կարգավորված լինի, միեւնույնն է, սա մեր կյանքը չէ։ Սա մեր տունը չէ։ Մեզ անընդհատ է ուղեկցում զգացումը, որ սա ժամանակավոր է, որ մերը չէ։ Տունը այնտեղ է, հայրս այնտեղ՝ Կիեւում է, ամառանոցը, ամուսինս, մեր ամեն ինչն է Ուկրաինայում։ Դպրոցը, ընկերները, իրերը, ամենը, ինչը մեր կյանքի մաս է կազմել, այնտեղ է։ Միայն մայրս է այս պահին մեզ մոտ, նոր է եկել, բայց վերադառնալու է։ Երեխաներն էլ են շատ ցանկանում վերադառնալ։ Իմ մասին, դե, պարզ է, խոսք չկա։
Այստեղ շատ լավ ուկրաինական համայնք է ձեւավորվել։ Բոլորն են ցանկանում վերադառնալ։ Բայց կան մարդիկ, ասենք, Խարկովից, որ տուն վերադառնալ չեն շտապում։ Շատ պարզ պատճառով՝ տուն չունեն, նրանց տները, նրանց քաղաքները ոչնչացված են։ Նույնը կարելի է ասել Խերսոնից տեղահանվածների մասին։ Մենք իրար կապված ենք, իրար շատ ենք օգնում ու աջակցում։ Միջոցառումներ ենք կազմակերպում, կազմակերպում ենք ուկրաինական տոներ, որոնց հրավիրում ենք իտալացիների։ Անում ենք ամեն ինչ, որ նրանք հասկանան մեր խնդիրները, որ հասկանան մեր պատերազմը։
Մենք բոլորս էլ Ուկրաինայով ենք ապրում։ Անընդհատ լուրերին ենք հետեւում։ Սպասում ենք հաղթանակին, որ, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք։
Ուկրաինուհի Իրինա Եմցեվան եմ։ Բանասեր եմ, իտալերենի եւ անգլերենի մասնագետ։ Այստեղ ես ուկրաինացի երեխաներին ու մեծահասակներին իտալերեն եմ ուսուցանում։ Որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել եւ, որ շատ կարեւոր է, կարողանան իտալացիներին նրանց լեզվով ճշմարտությունն ասել ոչ միայն Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին, այլ նաեւ Ուկրաինայի ու Ռուսաստանի մասին։ Իտալացիները բոլորովին սխալ պատկերացում ունեն։ Տարիների քարոզչության, նաեւ անգիտության հետեւանք է։ Խորհրդային երկրի մաս կազմող սլավոնական ժողովուրդներին ռուս են կոչում։ Այսօր շատ բան փոխվում է։ Նաեւ մեր շնորհիվ է, որ սկսում են հասկանալ։ Բացատրում ենք նրանց, որ մենք երկու բոլորովին տարբեր սլավոն ժողովուրդներ ենք, եւ որ ուկրաինացու համար չի կարող լինել ավելի մեծ վիրավորանք, քան նրան ռուս անվանելն է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։