Արցախի տեղեկատվական շտաբից հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ իբր զենք եւ զինծառայողներ են տեղափոխվել։ Մարտի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվությանը կից հրապարակել էին նաեւ մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:
«Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետեւանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնել են նաեւ, որ հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված են եղել բարձր մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահներն էլ կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել եւս մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում։