Կրկին սեփական կենսագրությունները սրբագրելու ժամանակներն են։ Այսպես էր 1990-ի կողմերը, երբ խորհրդային երկիրն իր վերջին էր մոտենում։ Հանկարծ պարզվեց, որ կոմունիստները բոլորովին էլ կոմունիստներ չեն։ Հրաժարվեցին նրանք կոմունիստական կուսակցությունից, որին այդքան հավատարիմ ծառայել էին։ Մի կողմ դրեցին կուսակցական անդամատոմսերն ու դարձան երեւելի դաշնակցականներ, երեւելի ռամկավարներ, երեւելի դեմոկրատներ։
Մոռացան, որ կարճ ժամանակ առաջ երեւելի կոմունիստ էին։ Ավելին՝ հայտարարեցին, թե սովետին ու կոմունիզմին միշտ էլ դեմ են եղել։ Տեղավորվեցին նրանք նորաստեղծ հանրապետության իշխանական բուրգի բոլոր օղակներում ու իրենց սովետակոմունիստական մտածողությամբ, որից ձերբազատվելու միտք անգամ չունեին, ապականեցին մեր նորը։ Մեր երեկվա ու այսօրվա վիճակը շատ դեպքերում հենց նրանց ներկայությամբ է պայմանավորված։
2020-ի մեր պարտությունը նոր սահմանագիծ է դարձել, որից այս կողմ սեփական կենսագրությունը կրկին խանգարում է։ Պարզվում է՝ երեկվա «ոչ մի զիջում թշնամուն» տեսակետի պարագլուխները բոլորովին էլ այդպիսին չեն եղել։ Հակառակը՝ խաղաղության, հաշտության, բանակցություններով ու փոխզիջումներով Արցախի խնդիրը լուծելու կողմնակիցներ են եղել։
Սերժ Սարգսյանն է հայտարարում, թե «ոչ մի թիզ թշնամուն» տեսակետի կրողը չի եղել երբեք։ Բոլորովին չի բացառվում, որ իր մտքում նա, իրոք, այդպիսին չի եղել։ Բայց նրա գործն այլի վկայությունն է։ Իր իշխանավարման տասը տարիների ընթացքում նա այդպես էլ չգնաց փոխզիջումների միջոցով խնդրի կարգավորմանը։ Հակառակը՝ շարունակեց Քոչարյանի գիծը՝ ձգել որքան հնարավոր է երկար։ Եվ ձգեց մինչեւ փակուղի։ Նրա օրոք են բանակցությունները փակուղի մտել, ինչի մասին 2017-ին ինքն է ասել Ազգային ժողովում։
Վարդան Օսկանյանն է հայտարարում, թե Փաշինյանին, եթե մինչեւ պատերազմը հանդիպելու հնարավորություն ունենար, կառաջարկեր, որ գնա զիջումների եւ այդ ճանապարհով լուծի Արցախի խնդիրը։ Սա ասում է մարդ, որը 1990-ականների առաջին տարիներից է ներգրավված եղել Արցախի խնդրի կարգավորման գործընթացում, բայց 1998-ին անզիջումների շարքերն անցավ, դարձավ արտգործնախարար, գնաց բանակցությունները ձգելու ու խնդրի չլուծման ճանապարհով։
Սամվել Բաբայանն է նաեւ հայտարարում, թե միշտ էլ Արցախի խնդիրը փոխզիջումներով լուծելու կողմնակից է եղել։
Սրանք մարդիկ են, որոնք 1998-ին, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր փոխզիջումներով հասնել խնդրի կարգավորմանը, դեմ էին։ Դեմ էին հստակ ու միանշանակ։ Ավելին՝ կազմակերպում էին, որ դեմ լինի ողջ հանրությունը։ Իրենց վարքով, իրենց կեցվածքով ու ազդեցությամբ անում էին ամեն ինչ, որ խնդիրը փոխզիջումներով չլուծվի, որ պահպանվի այդ օրերի ստատուս-քվոն, որ փոխզիջումների կողմնակիցները պարտվողականներ հայտարարվեն։ Ասում էին, թե առանց զիջումների կլուծեն Արցախի հարցը։ Անկախ Արցախի 8000 քառակուսի կիլոմետրանոց քարտեզ էին գծել՝ Ադրբեջանի տարածքներով հանդերձ, եւ այն իրականություն դարձնել էին խոստանում։
Իսկ այսօր՝ 2020-ի պարտությունից հետո, երբ ամեն ինչ արդեն կորած է, երբ Արցախի խնդրում Հայաստանը որպես դերակատար չկա բոլորովին, երբ Ադրբեջանը Արցախի հարց քննարկել չի էլ պատրաստվում, հայտարարում են, թե միշտ են եղել փոխզիջումներով խնդրի կարգավորման կողմնակիցներ։ Չեն ասում, թե սխալվել են, չեն ցանկանում ընդունել, որ իրենց քայլերն են նաեւ հանգեցրել մեզ այս պարտությանը եւ մեր այսօրվա վիճակին։
Արկադի Ղուկասյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այս կապակցությամբ դեռ չեն արտահայտվել։ Չի բացառվում, բայց, որ մի օր էլ նրանք հայտարարեն, թե մաքսիմալիստներ չեն եղել երբեք։ Այդ թիմից միայն Վազգեն Սարգսյանն է, որ ոչինչ ասել արդեն չի կարողանալու։
Եթե ճիշտ են նրանց այսօրվա պնդումները, որ «ոչ մի թիզ թշնամուն» տեսակետի կողմնակիցներ չեն եղել, որ միշտ են գիտակցել փոխզիջումներով խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը, ապա կարելի է միայն մեկ պարզ եզրակացության հանգել, եզրակացություն, որ դեռ 1998-ի հունվարի 8-ին հնչեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն՝ ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում»։ Հետո այս միտքը նա կրկնել է 1998-ի փետրվարի 3-ի իր հրաժարականի խոսքում․ «Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։
Եվ կորցրինք մենք այդ պատեհությունը։ Կորցրինք ահա այս գործիչների ու «ոչ մի թիզ»-ականության հարցում նրանց գործի շարունակող Փաշինյանի շնորհիվ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ ե՛ւ Սարգսյանը, ե՛ւ Օսկանյանը, ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ մյուսներն ու Փաշինյանը, գիտեին, միշտ են իմացել, որ Արցախի հարցի շահարկումը, փոխզիջումների դեմ հանդես գալը, անզիջում դիրքերից ելույթներ ունենալը իշխանություն է խոստանում։
Ավելին՝ իմացել են, որ հենց դա է դեպի իշխանություն տանող ամենակարճ ճանապարհը։ Եվ գնացին նրանք այդ ճանապարհով։ Սուտ խոստումներով տարան իրենց հետեւից մոլորված հանրությանը։ Բոլորն էլ, բացառությամբ, թերեւս, Սամվել Բաբայանի ու Վազգեն Սարգսյանի, իրենց հերթին ու իրենց չափով իշխանություն ստացան, հարստացան ու բարգավաճեցին։ Հաջողեցին նրանք։ (Իրենց պատկերացրած հաջողությունն այդպիսին է:) Չհաջողեցին միայն Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։