Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգության է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունների կապակցությամբ: Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացմանը, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը։ Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած լարվածության հետագա սրացումը։ «Բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող տարբերակ լինել երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքում»,- շեշտել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն։ Հանձնակատարը հավելել է, որ կողմերը պետք է վերադառնան առարկայական երկխոսության, քանի որ շատ կարեւոր հարցեր դեռ պետք է լուծվեն։ «ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության աջակցությանը: Մենք դարձյալ հավատարիմ ենք՝ լինելու հուսալի միջնորդ ընդհանուր նպատակին հասնելու համար՝ անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ Հարավային Կովկաս ստեղծելու նպատակով»,- ընդգծել է Վարհեյին։