Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Կրեմլում բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությունը չպետք է ժամանակավոր լինի եւ սահմանափակվի միայն ահաբեկչության դեմ պայքարով։ Ըստ նրա՝ ահաբեկչության դեմ պայքարն ընթացիկ թեմա է եւ ժամանակավոր է։ Ասադի համոզմամբ՝ ռուսական ռազմական ներկայությունը ցանկացած երկրում չպետք է որեւէ ժամանակավոր բանի վրա հիմնված լինի։ «Սիրիայում ՌԴ ներկայությունը որպես Միջերկրական ծովում գտնվող երկիր առնչվում է աշխարհում ուժերի հավասարակշռություն պահպանելու հետ»,-ընդգծել է Ասադը։
Սիրիայի նախագահի համոզմամբ` գերտերությունները ներկայում չեն կարող իրենք իրենց պաշտպանել կամ նման դեր կատարել միջազգային ասպարեզում` սահմանափակելով միայն սեփական պետության տարածքներում ներկայությամբ, նրանք պետք է անեն դա նաեւ սահմաններից դուրս դաշնակիցների միջոցով կամ բազաների օգնությամբ։
Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հետ հանդիպման հարցին՝ Ասադը նշել է, որ պատրաստ է հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երբ թուրքական զորքերը դուրս կբերվեն Արաբական Հանրապետությունից: Բաշար ալ-Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը եւ վերադառնա այն իրավիճակին, որը եղել է մինչեւ պատերազմը։ Ասադը նաեւ մատնանշել է այն բացասական դերը, որ Թուրքիան խաղացել է Սիրիայի պատերազմում՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին։ «Մեզ համար Թուրքիան զավթիչ պետություն է»,- եզրափակել է Սիրիայի նախագահը:
Թուրքիան 2018-ից ի վեր բազմիցս ռազմական գործողություններ է կատարել Սիրիայում, որոնց նպատակը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչնչացումն է, ինչպես նաեւ պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։