ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաեւ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախատեսվում է մտքեր փոխանակել միջազգային օրակարգի, տարբեր միջազգային հարթակներում գործողությունների համակարգման ծուրջ։
«Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երեւանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան: